ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանի ղեկավարությունը պահպանում է իշխանությունը երկրում և ներքին պառակտման որևէ նշան ցույց չի տալիս՝ չնայած իսլամական հանրապետության դեմ իրականացվող ամերիկա-իսրայելական ռազմական գործողությանը։ Այս մասին նշված է The Washington Post թերթում հրապարակված հոդվածում։
Ըստ նրա աղբյուրների՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ «իրանական վարչակարգը համախմբում է իշխանությանը»։ Ինչպես բխում է նյութից՝ «ԱՄՆ հետախուզության գնահատականների համաձայն, որոնք պատրաստվել են պատերազմի սկսվելուց հետո, իրանական վարչակարգը կպահպանի իր ամբողջականությունը և հավանաբար, ավելի ինքնավստահ կդառնա, քանի որ կհամարի, որ դիմակայել է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփին և ողջ մնացել»։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան պաշտոնյաներն ու վերլուծաբանները Իրանի ղեկավարության կազմում «պառակտման կամ դասալիքների առկայության որևէ հստակ նշան» չեն տեսնում։ Ամերիկյան հետախուզությունը նաև կարծում է, որ մոտ ժամանակներս Իրանում իշխանափոխություն իրականացնելն անհնար է։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ դաշնակից հանդիսացող Պարսից ծոցի երկրները «զայրացած են և տագնապած» ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրանք, մասնավորապես, դժգոհ են Վաշինգտոնի վարչակազմի գործողություններից։ «Նրանք այս պատերազմը սկսեցին հանուն Իսրայելի, իսկ հետո մեզ մենակ թողեցին՝ հարձակումներին դիմակայելու հարցում»,- նշել է արաբական պետությունների պաշտոնյաների թվում գտնվող աղբյուրներից մեկը։ Ինչպես նա հավելել է, ԱՄՆ իշխանությունները Իրանի դեմ գործողությունը սկսելուց առաջ հավաստիացնում էին, որ «ռազմական առճակատումը արագ կլինի»։ «Մենք երկարատև պատերազմ վարելու ծրագրեր չունենք։ Մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել այն»,- հայտնել է աղբյուրը։





























