Երեքշաբթի գիշերն Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Լարիջանին և «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանին լիկվիդացվել են անցյալ գիշեր»,- օպերատիվ խորհրդակցության ժամանակ նրա հնչեցրած խոսքերն է մեջբերում «The Times of Israel»-ը:

Պարբերականը հայտնում է, որ հարվածի հետևանքով զոհվել են նաև «Բասիջի» հրամանատարի տեղակալը և այդ կառույցի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

«Բասիջը» մասսայական կամավորական ռազմականացված շարժում է Իրանում, որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իսրայելական աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելը հարված է հասցրել Լարիջանիի գտնվելու վայրին։