Փարիզում՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունների հերթական փուլը ցույց է տվել, որ Վաշինգտոնում սկսել են գիտակցել Պեկինի հետ հարաբերությունները բացառապես մրցակցության հիման վրա և առանց երկխոսության կառուցելու անհնարինությունը՝ չնայած բոլոր տարաձայնություններին։ Այս մասին խմբագրական մեկնաբանության մեջ գրում է China Daily թերթը։
«Ըստ ամենայնի՝ Փարիզում ընթացող տնտեսական խորհրդակցությունների վերջին փուլի հիմնական շեշտադրումը եղել է ոչ թե առճակատումը, այլ անկեղծ երկխոսությունը..․ Մի քանի տարի շարունակ Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական կապերը տատանվում էին զգուշավոր գործակցության և բացահայտ դիմակայության միջև։ Ուստի, ներկայիս անկայուն աշխարհաքաղաքական պայմաններում բանակցությունները շարունակելու փաստն ինքնին արդեն իսկ համեստ, բայց կարևոր առաջընթաց է»,- նշում է թերթը։
Պարբերականը փաստում է, որ քննարկումների ընթացքում կողմերը եկել են այն ընդհանուր համոզման, որ երկկողմ տնտեսական կայուն հարաբերությունները ձեռնտու են ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ աշխարհին։ «Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անցյալ տարվա հինգ փուլերի ընթացքում գրանցված առաջընթացին, ինչպես նաև քննարկվել են չլուծված հարցերը՝ մաքսատուրքերի դրույքաչափերից մինչև ոչ սակագնային կարգավորումներ։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ համաձայնել են համատեղ աշխատել երկկողմ մաքսատուրքերի կայունությունը պահպանելու ուղղությամբ։ Համաշխարհային ընկերությունների համար, որոնք արդեն իսկ բախվում են գնաճի, մատակարարման շղթաների մասնատման և աշխարհաքաղաքական անորոշության հետ, կայունությունը թանկարժեք ռեսուրս է»,- ասված է մեկնաբանության մեջ:
«Սակայն ավելի կարևոր ու հատկանշական է այն, որ փարիզյան բանակցությունների արդյունքներից մեկը դարձել է առևտրային և ներդրումային գործակցությանը նպաստող աշխատանքային կառույց ստեղծելու հնարավորությունը։ Տարիներ շարունակ Վաշինգտոնը հարաբերություններին նայում էր մրցակցության պրիզմայով, մինչդեռ Պեկինը պնդում էր, որ դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա։ Առևտրի և ներդրումների ոլորտում գործակցությունը հեշտացնող մասնագիտացված մեխանիզմ ստեղծելու գաղափարը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնի քաղաքական գործիչների առնվազն մի մասը սկսել է ընդունել, որ միայն մրցակցությամբ սահմանափակվելն անհնար է»,- գրում է պարբերականը։
Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ եթե առևտրատնտեսական ոլորտում գործակցությանը նպաստող այդ կառույցն ի վերջո ստեղծվի, ապա այն կկարողանա լրացնել բանակցային գործընթացը՝ կենտրոնանալով գործնական փոխգործակցության վրա։ Դա թույլ կտա շեշտը դնել առևտրային հոսքերի, ներդրումների խթանման և երկխոսության վրա, այլ ոչ թե միայն տարաձայնությունների կարգավորման։
Նախօրեին Փարիզում ավարտվել են Չինաստանի Պետական խորհրդի փոխնախագահ Հե Լիֆենի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի բանակցությունները։ Հաղորդվել է, որ կողմերը նախնական համաձայնության են եկել այն հարցերի շուրջ, որոնցում Պեկինն ու Վաշինգտոնն ունեն տարաձայնություններ։





























