Եվրամիությունը դեռևս լեգիտիմ մարմին չի համարում Գազայի հատվածի կառավարման նպատակով ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը։ Այս մասին հայտարարել է Միջերկրածովյան տարածաշրջանի հարցերով եվրոպական հանձնակատար Դուբրավկա Շուիցան, որը փետրվարի 19-ին Վաշինգտոնում ներկայացնում էր ԵՄ-ն այդ կազմակերպության նիստում։

«Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու հրավեր ստացել էր [Եվրահանձնաժողովի] նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, և ես ներկայացնում էի նրան այդ հանդիպմանը։ Դա չի նշանակում, թե մենք լեգիտիմացրել ենք այդ խորհուրդը։ Մենք այնտեղ ներկա էինք պարզապես որպես դիտորդ՝ իրադարձությունների ընթացքին հետևելու համար»,- Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է եվրոպական հանձնակատարը։ Նա ընդգծել է, որ Խաղաղության խորհրդի կանոնակարգին և գործունեության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր չեն համապատասխանում ԵՄ տեսակետներին։ Ըստ նրա՝ փետրվարյան նիստին ԵՄ ներկայացուցիչները ներկա են գտնվել «զուտ քաղաքավարությունից դրդված»։

Եվրահանձնակատարը նաև կասկածի տակ է դրել այն հարցը, թե որքանով է այդ կազմակերպությունը վստահություն ներշնչում։ «Դժվար է ասել՝ այն արժանի՞ է վստահության, թե՞ ոչ»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցին։ «Այդ պահին խոսքը Գազայի վերականգնման մասին էր և ես կարծում եմ, որ անկախ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից՝ մենք չպետք է մոռանանք Գազայի մասին»,- նշել է Շուիցան՝ հավելելով, որ անկլավում տիրող իրավիճակը «մնում է օրհասական և նույնիսկ ավելի է վատթարացել»։ Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի անդամը չի բացառել Խաղաղության խորհրդի նիստերին Եվրամիության հետագա մասնակցությունը։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը կկայացվի առանձին՝ «յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար»։

Փետրվարին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսյեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԵՀ-ն չի սատարում «Խաղաղության խորհրդին» հնարավոր գլոբալ դերակատարում տալու ԱՄՆ-ի գաղափարներին, ուստի դրանում իր մասնակցությունը կսահմանափակի միայն Գազայի հատվածին առնչվող հարցերով։

Հունվարի 22-ին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում 19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որն ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։ Վաշինգտոնից հայտնել են, որ կառույցին միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդն ստեղծվել է Իսրայելի և պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գազայի կառավարումն իրականացնելու նպատակով, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ ու կարգավորմամբ։