Պաշտպանական արտադրության մեջ լայնորեն կիրառվող վոլֆրամի և գերմանիումի պահանջարկի կտրուկ աճը կարող է հանգեցնել այդ մետաղների դեֆիցիտին, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը ձգձգվի։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով փորձագետներին։

«Տևական հակամարտությունը լրջորեն կսպառի հրթիռների պաշարները և կհանգեցնի վոլֆրամի պահանջարկի մեծացման, քանի որ հակամարտող կողմերը ստիպված կլինեն վերազինվել և համալրել ռազմական զինանոցը»,- նշել է Argus Media վերլուծական ընկերության փորձագետ Քրիստինա Բելդան։

Ընկերության տվյալներով՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության մեկնարկից ի վեր վոլֆրամը թանկացել է գրեթե 40%-ով, իսկ գերմանիումը՝ 10%-ով։ Միաժամանակ աճում են լոգիստիկայի, ապահովագրության և պահեստային ծառայությունների հետ կապված ուղեկցող ծախսերը։ Ինչպես գրում է թերթը, արևմտյան պաշտպանական ընկերությունները պատրաստ են ցանկացած գին վճարել՝ կրիտիկական նշանակություն ունեցող մետաղների բավարար պաշարներ կուտակելու համար։

Փեյնի հանրային դիվանագիտության ինստիտուտի հաշվարկներով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Իրանում ռազմական արշավի առաջին իսկ օրերին օգտագործել են տասնյակ հազարավոր կիլոգրամ մետաղներ, այդ թվում՝ վոլֆրամ, պղինձ և տիտան։ Փորձագետները հավելում են, որ մետաղի առանձնապես մեծ քանակություն է պահանջվում Tomahawk և Patriot հրթիռների արտադրության համար։

Ավելի վաղ The New York Times (NYT) թերթը հայտնել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները և Մերձավոր Արևելքում լարվածության սրումը հանգեցրել են ոչ միայն նավթի ու գազի, այլև համաշխարհային տնտեսության համար կարևոր մի շարք այլ ապրանքների՝ շաքարավազի, պարարտանյութերի, ալյումինի և հելիումի գների աճին։