Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ից չեն խնդրել պատերազմ սկսել Իրանի դեմ։ Այնուամենայնիվ, շատերն այժմ պնդում են, որ ԱՄՆ-ն չսահմանափակվի միայն մասնակի հարվածներով՝ Իրանին հնարավորություն թողնելով սպառնալ Ծոցի կենսական նշանակություն ունեցող նավթային ենթակառուցվածքներին և դրանից կախված տնտեսությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Միևնույն ժամանակ, այդ աղբյուրները և հինգ արևմտյան ու արաբ դիվանագետներ հայտնել են, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Ծոցի պետությունների վրա՝ դրդելով նրանց միանալ ամերիկա-իսրայելական արշավին։

Ըստ նրանցից երեքի՝ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է ցույց տալ գործողության տարածաշրջանային աջակցությունը, որպեսզի ամրապնդի դրա միջազգային լեգիտիմությունը և հավանության արժանանա երկրի ներսում։

Սաուդյան Gulf Research Center-ի նախագահ Աբդուլազիզ Սագերը, ով ծանոթ է կառավարությունների դիրքորոշմանը, նշել է. «Ամբողջ Ծոցում տիրում է այն համոզմունքը, որ Իրանն անցել է տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի բոլոր «կարմիր գծերը»։ Սկզբում մենք պաշտպանում էինք նրանց և դեմ էինք պատերազմին, բայց հենց որ նրանք սկսեցին հարվածներ հասցնել մեզ, դարձան թշնամի։ Նրանց դասակարգելու այլ ձև չկա»։

Քանի որ պատերազմը թևակոխել է երրորդ շաբաթը՝ ուղեկցվելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ուժգնացմամբ և ամերիկյան բազաներին Թեհրանի պատասխան հարվածներով, Ծոցի երկրների աղբյուրներից մեկը նշել է. «Առաջնորդների շրջանում տրամադրությունը միանշանակ է՝ Թրամփը պետք է էապես թուլացնի Իրանի ռազմական հզորությունը»։

Նա հավելել է, որ այլընտրանքը մշտական սպառնալիքի տակ ապրելն է. «Եթե Իրանը լրջորեն չթուլացվի, ապա այն կշարունակի գերության մեջ պահել տարածաշրջանը»։

Իրանի այս ամսվա հարձակումների հետևանքները զգալիորեն գերազանցում են զուտ նյութական վնասը։ Դրանք ոչ միայն խաթարում են նավթի մատակարարումները, այլև հարվածում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Մինչդեռ հենց այդ վստահությունն էր հիմք հանդիսանում Ծոցի երկրների համար՝ առևտուրն ու զբոսաշրջությունը զարգացնելու և նավթի արտահանումից կախվածությունը նվազեցնելու համար։

«Եթե ամերիկացիները հեռանան և գործն ավարտին չհասցնեն՝ մենք ստիպված կլինենք միայնակ դիմակայել Իրանին», — նշել է Սագերը։

Տարածաշրջանային աղբյուրները շեշտում են, որ Ծոցի որևէ երկրի կողմից միակողմանի ռազմական գործողությունների դիմելը քիչ հավանական է։ Միայն հավաքական միջամտությունը կարող է նվազեցնել առանձին պետությունների դեմ Իրանի հնարավոր պատասխան հարվածների վտանգը։

Այդուհանդերձ, ընդհանուր համաձայնություն դեռևս չկա։ Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Օմանը և ԱՄԷ-ն, առայժմ սահմանափակվել են ընդամենը մեկ տեսազանգով։ Գործողությունների համակարգման նպատակով արաբական գագաթնաժողով դեռևս չի հրավիրվել, քանի որ տարածաշրջանի առաջնորդները զգուշանում են մի պատերազմ հրահրել, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ավելի լայն թափ ստանալ։

ԱՄԷ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրը զսպվածություն է ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է, թե ամերիկյան ուժերը ԱՄԷ-ի տարածքն օգտագործել են Խարգ կղզուն հարվածելու համար, որտեղ գտնվում է իրանական նավթի արտահանման գլխավոր տերմինալը:

Այդուհանդերձ, Սագերը շեշտել է, որ Իրանի հիմնական տարածաշրջանային մրցակիցը՝ Սաուդյան Արաբիան, կարող է ստիպված լինել պատասխան քայլերի դիմել, եթե Թեհրանը հատի «կարմիր գծերը»։ Խոսքը հատկապես վերաբերում է նավթային խոշոր օբյեկտներին և ջրի աղազատման կայաններին թիրախավորելուն և մեծաթիվ զոհերին։

«Նման պարագայում Սաուդյան Արաբիան պարզապես չի կարող մի կողմ քաշվել և չմիջամտել», — ասել է նա՝ հավելելով, որ Էր-Ռիադը կփորձի առավելագույնս հաշվարկված ու չափավոր պատասխան տալ՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ներկայացուցիչ Ֆավազ Ջերգեսը նշել է, որ այս արշավին միանալը զգալիորեն կմեծացնի Իրանի պատասխան գործողությունների նկատմամբ խոցելիությունը։ Արդյունքում, տարածաշրջանի երկրներն ընտրում են հավասարակշռված զսպման մարտավարություն՝ պաշտպանել սեփական ինքնիշխանությունն ու մատնանշել «կարմիր գծերը»՝ առանց ներքաշվելու մի պատերազմի մեջ, որն իրենք չեն սկսել և չեն վերահսկում։

Համալսարանի ներկայացուցիչն իր հերթին հավելել է. «Այժմ, երբ Իրանն ապացուցեց, որ կարող է փակել Հորմուզի նեղուցը, տարածաշրջանն առերեսվում է սկզբունքորեն այլ մակարդակի սպառնալիքի հետ։ Եթե այս խնդիրը չլուծվի, ապա վտանգը երկարաժամկետ բնույթ կկրի»։