Եվրոպական միության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը երեքշաբթի օրը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ պատերազմը։ Նա հայտնել է, որ ԵՄ-ն խորհրդակցություններ է անցկացնում Մերձավոր Արևելքի երկրների կառավարությունների հետ՝ հակամարտության ավարտի հնարավոր ուղիների շուրջ։

Reuters-ին տված հարցազրույցում Կալասը նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված ջանքերի շրջանակում Եվրոպայի մասնակցության դուռը բաց է մնում, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա դիվանագիտական լուծումների շրջանակում։

Մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նեղուցով անցումն ապահովելու գործողությանը մասնակցելու կոչերը։ Նշենք, որ նավթի, գազի և այլ ապրանքների համար առանցքային նշանակություն ունեցող այս երթուղին ներկայումս հիմնականում արգելափակված է Իրանի կողմից։

Եվրոպական առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ չեն վտանգել իրենց զորքերը մի պատերազմում, որն իրենք չեն սկսել, թեև Թրամփը զգուշացրել է, որ նրանց դժկամությունը կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի վրա։

Կալասն ընդգծել է, որ Եվրոպան միշտ չէ, որ հասկանում է Թրամփի օրոք ԱՄՆ-ի գործողությունները կամ Իրանի նկատմամբ նրան նպատակները, սակայն սովորել է նրա անկանխատեսելիությանը և արձագանքում է «ավելի հանգիստ»։

Այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ ավարտել պատերազմը, Կալասը պատասխանել է. «Անկասկած։ Կարծում եմ... բոլորի շահերից կբխի, եթե այս պատերազմը կանգ առնի։ Պատերազմների խնդիրն այն է, որ դրանք սկսելն ավելի հեշտ է, քան կանգնեցնելը, և դրանք միշտ դուրս են գալիս վերահսկողությունից»։

Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է «դիվանագիտական օգնություն ցուցաբերել, որպեսզի կողմերն իսկապես դադարեցնեն պատերազմը»։

«Մենք խորհրդակցում ենք տարածաշրջանային երկրների՝ օրինակ Ծոցի պետությունների, Հորդանանի, Եգիպտոսի հետ այն հարցի շուրջ, թե արդյոք կարող ենք Իրանին, Իսրայելին և ԱՄՆ-ին առաջարկել դուրս գալ այս իրավիճակից այնպես, որ բոլորը պահպանեն իրենց դեմքը»,- ասել է նա՝ չբացահայտելով խորհրդակցությունների մանրամասները։

Կալասը հավելել է, որ եվրոպական երկրների գլխավոր մտահոգությունն այն է, որ պատերազմն սկսելուց առաջ իրենց հետ խորհրդակցություններ չեն անցկացվել։ «Իրականում ամեն ինչ հակառակն էր. շատ եվրոպացիներ փորձում էին համոզել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ չսկսել այս պատերազմը»,- ասել է նա։

Չնայած դրան՝ պատերազմն արդեն իսկ լուրջ ազդեցություն է թողնում Եվրոպայի վրա, նախևառաջ՝ էներգակիրների գների աճի տեսքով։ Դա Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության հետևանքն է։

«Ոչ ոք պատրաստ չէ վտանգել իր մարդկանց Հորմուզի նեղուցում»,- նշել է Կալասը։ «Մենք պետք է դիվանագիտական ուղիներ գտնենք նեղուցը բաց պահելու համար»։

Կալասն առաջարկել է դիտարկել Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերաբերյալ ՄԱԿ-ի գործարքի մոդելի կիրառման հնարավորությունը, որը պատերազմի ժամանակ թույլ է տալիս հացահատիկ, սննդամթերք ու պարարտանյութեր դուրս բերել Սև ծովով (առանց քաղաքացիական նավերի վրա հարձակման վտանգի)։

Նա հայտնել է, որ այս գաղափարը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և ՄԱԿ-ը «աշխատում է այդ ուղղությամբ»։ «Այժմ հարցն այն է, թե ինչին կհամաձայնեն հարևան երկրները, հատկապես՝ Իրանը»,- ասել է Կալասը։