Նավթային լցանավերը շարունակում են անցնել Հորմուզի նեղուցով, իսկ նավագնացությունը խափանելուն ուղղված Իրանի գործողությունները վնաս չեն հասցրել ԱՄՆ տնտեսությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը:
Նա վերահաստատել է Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այն մասին, որ պատերազմը պետք է ավարտվի մի քանի շաբաթվա, այլ ոչ թե ամիսների ընթացքում:
«Արդեն իսկ տեսանելի է, որ լցանավերն աստիճանաբար սկսում են անցնել նեղուցով, ինչն, ըստ իս, վկայում է այն մասին, որ Իրանի ռեսուրսները խիստ սպառվել են», — նշել է նա CNBC-ին տված հարցազրույցում: «Մենք լիահույս ենք, որ ամեն ինչ կավարտվի մոտ ապագայում, ինչից հետո մի քանի շաբաթ կդիտվեն գների տատանումներ՝ մինչև նավերը հասնեն նավթավերամշակման գործարաններ», — հավելել է Հասեթը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ասիան կարող է կրճատել դեպի ԱՄՆ վերամշակված նավթի արտահանումը՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների նվազումը փոխհատուցելու համար: «Մենք նշաններ ենք տեսնում, որ նրանք կարող են սահմանափակումներ մտցնել՝ սեփական էներգետիկ պաշարներն ապահովելու նպատակով: Սակայն մենք գործողությունների ծրագիր ունենք նաև այդ դեպքի համար», — ասել է Հասեթը:





























