Մենք այստեղ ենք Հայաստանին աջակցելու, ազատ և արդար ընտրություններ ունենալու համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ արագ արձագանքման խումբը ժամանելու է Հայաստան՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։
Հարցին՝ ո՞վ կարող է լինել այդ խմբի կազմում, որ երկրներն են ներգրավված լինելու, նա պատասխանեց. «Մենք լրացուցիչ տեղեկություն տրամադրելու հնարավորություն չունենք, միայն այն, ինչ հայտարարեց բարձր ներկայացուցիչ տիկին Կալասը, և մենք այստեղ ենք Հայաստանին աջակցելու։ Արագ արձագանքման խումբը աջակցելու է Հայաստանին՝ ազատ և արդար ընտրություններին առնչվող մարտահրավերների հաղթահարման գործում, դա շատ հստակ է։ Ես մանրամասներ չգիտեմ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին, փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։
«Ազատության» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն:
Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Այս գործողությունների մեջ թվարկել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը:
«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին», - նշված է Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ Հայաստանը Եվրամիությանը դիմել է անցած նոյեմբերին, հունվարին Եվրամիությունից գնահատման խումբ է ժամանել Հայաստան, և այդ այցը «պատկերավոր պատկերացումներ է տվել հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ»: Փաստաթղթում կոնկրետ օրինակներ նշված չեն:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան ԵՄ-ն հայտարարել էր 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Գումարը նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։




























