Հայաստանում անհրաժեշտ է կատարելագործել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգիրքը։ Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Պատգամավորի նշմամբ՝ հիմնականում խոսքը վերաբերում է քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը հսկող դատախազի կողմից քննարկման ժամկետներին։

«Այս միջնորդության հիման վրա դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Սակայն հսկող դատախազի համար այս կամ այն որոշումը կայացնելու որևէ հստակ ժամկետ սահմանված չէ», - պարզաբանել է Բաքոյանը:

Այսպիսով, պատգամավորն առաջարկել է սահմանել 7-օրյա ժամկետ։

Բաքոյանը նշել է, որ այս ժամկետն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հանրային քրեական հետապնդման ենթակա անձը երկար ժամանակ չմնա այդ կարգավիճակում։ Միևնույն ժամանակ, խորհրդարանականը նկատել է, որ մարդիկ հաճախ կարող են նման դրության մեջ գտնվել շատ երկար ժամանակ։ Նա անընդունելի է համարել իրադրության նման վիճակը։

Որոշ քննարկումներից հետո տվյալ օրենսդրական նախաձեռնությունը ստացել է ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։