Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ զուսպ, փորձառու իրավաբան է, նա հավասարակշռված է և հակված չէ չափազանց հուզականության: Սակայն, երբ անցյալ տարվա փետրվարին նա Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում նստած էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողքին, նա սկսեց խոսել տանտիրոջ պես, գրում է CNN-ը։
«Սա իրոք ինչ-որ առանձնահատուկ բան է,- ասել է Սթարմերը՝ թափահարելով Չարլզ III թագավորի նամակը, որով նա Թրամփին հրավիրել էր Մեծ Բրիտանիա՝ երկրորդ անգամ պետական այց կատարելու համար։- Նման բան նախկինում երբևէ չի եղել։ Սա աննախադեպ է... Սա իսկապես պատմական՝ աննախադեպ երկրորդ պետական այց է»։ Սթարմերին ոչ բնորոշ այս ջերմեռանդությունը ցույց տվեց, թե ինչպես էր նրա կառավարությունը մտադիր վարվել ԱՄՆ նախագահի հետ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետում. խաղալ շողոքորթության և արքայավայել ընդունելությունների հանդեպ նրա թուլության վրա և հուսալ ստանալ փոխհատուցում՝ սկսած Եվրամիության համեմատ ավելի ցածր մաքսատուրքերից, վերջացրած Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցությամբ։
Որոշ ժամանակ այս ռազմավարությունը բավականին արդյունավետ էր գործում։ Բայց հիմա, կարծես թե, այն ձախողվել է։ Թեև Թրամփը կշտամբել է Ամերիկայի բոլոր դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում նրանց դանդաղկոտության համար, սակայն Սթարմերին նա առանձնահատուկ կերպով է թիրախավորել։
«Մենք գործ չունենք Ուինսթոն Չերչիլի հետ»,- մարտի 3-ին հայտարարել է Թրամփը։ Իսկ երկուշաբթի օրը նա ենթադրել է, որ Բրիտանիան այլևս «դաշնակիցների մեջի ռոլս-ռոյսը» չէ։
«Հաշվի առնելով այն չարությունը, որով Թրամփը հանդես է գալիս Բրիտանիայի դեմ՝ հարցեր է առաջացնում ավելի ու ավելի մեծ թվով օրենսդիրների մոտ այն մասին, թե արդյո՞ք խելամիտ կլինի, որ Չարլզն այս գարնանն այցելի ԱՄՆ»,- գրում են հոդվածի հեղինակները։
Թեև պետական այցը պաշտոնապես չէր հաստատվել, շատերը սպասում էին, որ թագավորը Վաշինգտոն կմեկնի ապրիլին՝ ԱՄՆ անկախության 250-ամյակը նշելու համար։
«Վերջին բանը, որ մենք կցանկանայինք, Նորին Մեծության... անհարմար վիճակի մեջ հայտնվելն է,- երեքշաբթի հայտարարել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Էմիլի Թորնբերին։- Կարծում եմ՝ պետք է շատ լավ կշռադատել՝ արժե՞ արդյոք հիմա շարունակել դա։ Կասկածում եմ, որ ավելի անվտանգ կլիներ հետաձգել այն»։
Թրամփի և Սթարմերի թշնամանքն սկսվեց այն ժամանակ, երբ Բրիտանիան սկզբնապես մերժեց նախագահի խնդրանքը՝ օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ պատերազմին աջակցելու համար։ Սթարմերը դա անօրինական էր համարում։ Սակայն Սթարմերը միացավ պաշտպանական գործողություններինն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը սկսել է հակահարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում բրիտանական ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումից հետո։
Այդ ժամանակվանից ի վեր Թրամփը ծաղրում է Սթարմերի կողմից օգնությանն ուղղված ակնհայտ առաջարկները և կշտամբում նրան ավելին չանելու համար։
Երբ Թրամփը հայտարարեց, թե Բրիտանիան «ի վերջո մտածեց Մերձավոր Արևելք երկու ավիակիր ուղարկելու մասին», նա Սթարմերին խորհուրդ տվեց չանհանգստանալ։
«Մեզ պետք չեն մարդիկ, որոնք պատերազմի մեջ են մտնում այն բանից հետո, երբ մենք արդեն հաղթել ենք»,- ասել է նա։
Երկուշաբթի օրը Բրիտանիան և այլ երկրներ մերժեցին Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում օգնելու Թրամփի կոչը, սակայն վերջինս «սարսափելի» անվանեց Լոնդոնի դժկամությունը՝ ջրային ուղին ականազերծելու համար ռազմական նավեր ուղարկելու հարցում։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ երբ ինքը Սթարմերին խնդրել է միջոցներ տրամադրել նեղուցը վերաբացելուն օգնելու համար, վարչապետն ասել է, թե պետք է տարբերակները քննարկի իր թիմի հետ։ Թրամփն ասել է, որ ինքը պատասխանել է. «Դուք կարող եք չնհանգստանալ թիմի համար... դուք վարչապետն եք, դուք կարող եք որոշումներ կայացնել... Սա շատ հուսահատեցնող է»։
Ըստ Փիթեր Ուեսթմաքոթի, որը 2012-2016 թվականներին Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել, Սթարմերի նկատմամբ Թրամփի արհամարհական վերաբերմունքը ցույց տվեց բրիտանական «շողոքորթության ռազմավարության» սահմանափակ լինելը։
«Սթարմերը 18 ամիս է ծախսել՝ փորձելով հարաբերություններ հաստատել՝ չտրվելով սադրանքներին և հարցերը լուծելով առանձնազրույցների միջոցով,- CNN-ին ասել է Ուեսթմաքոթը։- Նա մեծամիտ չէ... Նա փորձում է օգտագործել հանգստությունը, բանականությունը և այնպիսի փաստարկներ, որոնք դուր կգան Թրամփին։ Բայց դա ակնհայտորեն միշտ չէ, որ աշխատում է, և երբեք չգիտես, թե նա ինչ կասի հաջորդ օրը»։
Չնայած Սթարմերի հետ աճող տարաձայնություններին՝ Թրամփն այս շաբաթ հասկացրել է, որ շուտով սպասում է Չարլզ թագավորի պետական այցին։
Երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփն ասել է, որ հենց կառուցվի իր «շքեղ պարասրահը», այն կօգտագործվի օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի ժամանակ։
«Կա օրինակ Մեծ Բրիտանիայի թագավորը, ես կասեի՝ Անգլիայի թագավորը, որը հիանալի տղա է։ Նա շատ շուտով կժամանի ԱՄՆ»,- ասել է Թրամփը։ Հաջորդ օրը Օվալաձև աշխատասենյակում Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Չարլզը երկիր կայցելի «շատ շուտով»։ Սակայն, ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, Թրամփի անկանխատեսելիությունը կարող է ազդել բրիտանական կառավարության որոշման վրա՝ ինչի արդյունքում թագավորը կարող է արագացնել իր պետական այցը։
Թեև Դաունինգ սթրիթը չի ցանկանա միապետին ենթարկել Բրիտանիայի հասցեին Թրամփի հաճախակի հարձակումների ռիսկին, այն նաև չի ցանկանա ռիսկի դիմել ու բարկացնել նախագահին՝ հրաժարվելով այդ ծրագրից։
Այնուամենայնիվ, ըստ Ուեսթմաքոթի, «կարող է գալ մի պահ, երբ կառավարությունը որոշի, որ այցը շարունակելու հետ կապված ռիսկերն ավելի մեծ են, քան Դոնալդ Թրամփին վիրավորելու ռիսկը»։
Նա հավելել է, որ այս վերջին ռիսկը կնվազեր «եթե երկու երկրների կառավարությունները համաձայնեին, որ հետաձգումն իմաստ ունի»։
Երեքշաբթի օրը տրված հարցին, թե արդյոք պետք է շարունակել բրիտանական միապետի պետական այցի նախապատրաստությունները, Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը հրաժարվել է քննարկել թագավորական ընտանիքի առաջիկա միջոցառումները և ընդգծել է, որ այցի մանրամասները «դեռևս հաստատված չեն»։





























