Իսրայելը Լիբանանի հարավում նոր տարածքների զավթման համակարգված գործընթաց է իրականացնում, «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեն:

Նրա խոսքով՝ այս գործընթացի նպատակը հարավում բուֆերային գոտու ստեղծումն է։

«Իսրայելը նաև վերաբնակեցման և տների քանդման արշավ է իրականացնում, որպեսզի խանգարի հարավի բնակիչներին վերադառնալ իրենց տները։ Մենք աշխատում ենք դիվանագիտական միջոցներով Իսրայելի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, սակայն Իսրայելի հետ բանակցությունները բազմաթիվ պատճառներով մտել են փակուղի։ Իսրայելը մերժում է հրադադարը, և երկրի ներսում բանակցություններ վարելու համար պատվիրակություն ձևավորելու հարցում փակուղային իրավիճակ է ստեղծվել։ Օտարերկրյա կողմերը, հատկապես Ֆրանսիան, ստացել են Իսրայելի հետ բանակցություններ սկսելու մեր առաջարկը։ Բանակցությունների վերաբերյալ «Հեզբոլլահի» հետ ուղիղ շփումներ չկան։ Որոշ երկրներ ընդունել են լիբանանյան նախաձեռնությունը, աշխատել են դրա շուրջ և զարգացրել այն։ Ֆրանսիան այս հարցում հստակ հետաքրքրվածություն ունի»,- հեռուստաալիքը մեջբերում է Լիբանանի մշակույթի նախարարի խոսքերը։