ԱՄՆ վարչակազմը համոզված է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) անարդար է հարկատուների և ԱՄՆ զինված ուժերի նկատմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում նա հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած հրապարակային հայտարարություններին, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցում իր դաշնակիցներից օգնության կարիք չունի, շարունակում է նման օգնություն փնտրել։ «Սակայն նախագահը և նրա թիմը, մասնավորապես պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, շարունակում են կապի մեջ լինել իրենց գործընկերների հետ Եվրոպայում և, իհարկե, մեր դաշնակիցների հետ արաբական աշխարհում, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում՝ խրախուսելու համար նրանց քայլեր ձեռնարկել և ավելին անել՝ ԱՄՆ-ին օգնելու Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու նպատակով,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ -Սա ավելի շատ օգուտ է տալիս նրանց, քան ԱՄՆ-ին»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահը ճիշտ է վարվում՝ դաշնակիցներին կոչ անելով քայլեր ձեռնարկել և անել ավելին։ «Նախագահ Թրամփի ուղեցույց սկզբունքներից մեկը արդարությունն է։ Եվ նա վաղուց քննադատել է ՆԱՏՕ-ին այն բանի համար, ինչը նա անարդար է համարում ամերիկյան ժողովրդի, ամերիկացի հարկատուների և ԱՄՆ զինված ուժերի նկատմամբ»,- ընդգծել է Լևիթը։
Ամերիկացի առաջնորդը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները նպաստեն Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովմանը։ Սակայն եվրոպական երկրները գործնականում հրաժարվել են։ ԵՄ դիվանագիտությանղեկավար Կայա Կալլասը, սակայն, հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցում ռազմանավեր ուղարկելու հարցը։ Դա կարող է պահանջել Կարմիր ծովում Aspides եվրոպական ռազմածովային գործողության մանդատի փոփոխություն, որը սկսվել է 2024 թվականի փետրվարին՝ ի պատասխան Կարմիր ծովում Իսրայելին աջակցող պետություններին պատկանող առևտրային նավերի վրա եմենցի հուսիթների հարձակումների։





























