Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ուղևորվում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, որն, իր սպասմամբ, «շատ բարդ» է լինելու։ Դրանից մի քանի օր անց Թրամփը դաշնակիցներին կոչ էր արել միանալ պատերազմի արդյունքում տուժած Հորմուզի նեղուցի անվտանգությանն աջակցելու ծրագրին, սակայն այդ կոչերի մեծ մասն այդպես էլ անպատասխան են մնացել, հայտնում է BBC News-ը։

Տակաիչին մեկնելուց ժամեր առաջ խորհրդարանում հայտարարել է, որ ինքը «կանի ամեն ինչ՝ [Ճապոնիայի] ազգային շահերին առավելագույնս համապատասխանելու համար»։

Տակաիչին խոստովանել է, որ դժվարությունների կբախվի՝ Սպիտակ տուն կատարած իր այցի ընթացքում։

«Ես ցանկանում եմ մասնակցել բովանդակալից քննարկումների՝ հիմնված Ճապոնիայի տեսակետի և մեր մտածելակերպի վրա,- չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է նա։- Գլխավոր առաջնահերթությունն իրավիճակի շուտափույթ դեեսկալացիան է»։

Վաշինգտոն կատարած այս եռօրյա այցը նպատակ ունի քննարկել առևտրի հարցերը և ամրապնդել ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև կապերը։ Դա պետք է տեղի ունենար Թրամփի՝ Չինաստան նախատեսված այցից առաջ, որն արդեն հետաձգվել է պատերազմի պատճառով։

Սակայն հիմա պատերազմի թեման կլինի ամենակարևորը և կստվերի մնացած հարցերը։ Լրատվամիջոցների կարծիքով՝ այս հանդիպումը լուրջ փորձություն կլինի Տակաիչիի և Թրամփի ընկերության համար։