Ըստ ԱՄՆ հետախուզության տարեկան զեկույցի՝ Չինաստանը ներկայում 2027 թվականին Թայվան ներխուժելու ծրագրեր չունի, սակայն ձգտում է առանց ուժի վերահսկողություն հաստատել ինքնավար կղզու վրա, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։
«Հետախուզական համայնքի գնահատմամբ՝ չինացի առաջնորդները ներկայում չեն ծրագրում 2027 թվականին ներխուժել Թայվան և չունեն որևէ ֆիքսված ժամանակացույց միավորման հասնելու համար»,- ասվում է ԱՄՆ հետախուզական համայնքի տարեկան սպառնալիքների գնահատման մեջ։
Անցյալ տարի ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները 2027 թվականը նշել էին որպես հնարավոր հարձակման ժամկետ։ Սակայն հետախուզական համայնքն այժմ ավելի հավասարակշռված վերլուծություն է առաջարկել։
«2026 թվականին Պեկինը, ըստամենայնի, կշարունակի ձգտել պայմաններ ստեղծել Թայվանի հետ առանց հակամարտության միավորման համար»,- նշվում է զեկույցում։
Փաստաթղթում միաժամանակ զգուշացվում է՝չինացի պաշտոնյաներն ընդունում են, որ Թայվանի ծովային ներխուժումը «չափազանց դժվար կլինի և ձախողման բարձր ռիսկ կպարունակի, հատկապես, Միացյալ Նահանգները միջամտության դեպքում»։
Զեկույցի հեղինակները հայտարարել են, որ Չինաստանը հրապարակավ պնդում է, որ «Թայվանի հետ միավորումն անհրաժեշտ է մինչև 2049 թվականը ազգային երիտասարդացման իր նպատակին հասնելու համար», որը իր նպատակներին հասնելու շատ ավելի երկար ժամանակային շրջանակ է։
Զեկուցողների կարծիքով՝ Պեկինը Թայվան ներխուժելու ցանկացած որոշում ընդունելիս հաշվի կառնի մի շարք գործոններ, դրանց թվում՝ իր ռազմական պատրաստվածությունը, կղզու որդեգրած քաղաքականությունը և այն՝արդյոք Վաշինգտոնը կմիջամտի՞ Թայվանի անունից, թե՞ ոչ։
Վաշինգտոնը պաշտոնապես չի ճանաչում Թայվանը, սակայն կղզու տարածքի հիմնական ռազմական աջակիցն է, չնայած այդ աջակցության տոնը որոշ չափով մեղմացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Թայվանի անվտանգության պաշտոնյան հինգշաբթի զգուշացրել է, որ «դա չի նշանակում, թե Թայվանի համար սպառնալիքը վերացել է»։





























