Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հինգշաբթի հայտարարել է, որ նախորդ օրը իր կործանիչները Կասպից ծովում հարվածել են մի քանի իրանական ռազմածովային նավերի, այդ թվում՝ հականավակային հրթիռներով հագեցած նավեր։
Զինվորականները հայտարարել են, որ թիրախները եղել են հրթիռային համակարգերով հագեցած նավեր, օժանդակ նավեր և պարեկային նավակներ՝ հավելելով, որ գործողության ընթացքում հարված է հասցվել նաև նավահանգստային հրամանատարական կենտրոնին։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ թիրախավորված իրանական նավերը հագեցած են եղել նաև օդային հսկողության համակարգերով և հականավակային հրթիռներով։
«Դա «Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր ՑԱԽԱԼ-ի իրականացրած ամենանշանակալի հարվածներից մեկն է»,- ասվում է հայտարարության մեջ։
«Մենք առաջին անգամ հարվածել ենք Կասպից ծովում Իրանի հյուսիսին,- լրագրողներին առանձին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ռազմական ներկայացուցիչ փոխգնդապետ Նադավ Շոշանին։ «Առաջին անգամն է, որ դա անում ենք մեր պատմության մեջ... Մենք կարողացանք հարվածել նրանց ռազմածովային նավաշինարանին, որտեղ նրանք կարող են վերանորոգել կամ նոր նավեր կառուցել»,- ասել է նա։
Շոշանին հավելել է, որ վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելը հարվածել է Իրանի տարածքում ավելի քան 200 թիրախի։



























