Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) միացել է Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքների մասին զգուշացնող հիմնական ֆինանսական և տնտեսական մարմինների աճող թվին, հաղորդում է CNN-ը։

Հայտնելով տոկոսադրույքները անփոփոխ թողնելու որոշման մասին՝ բանկն այսօր հայտարարել է, որ տնտեսական հեռանկարը դարձել է «զգալիորեն ավելի անորոշ»։

«Մերձավոր Արևելքում պատերազմը հեռանկարը դարձրել է զգալիորեն ավելի անորոշ… սա կարճաժամկետ հեռանկարում զգալի ազդեցություն կունենա գնաճի վրա՝ էներգակիրների գների բարձրացման պատճառով»,- ասվում է բանկի հայտարարության մեջ։

ԵԿԲ-ն, որը սահմանում է դրամավարկային քաղաքականությունը եվրո օգտագործող 21 երկրի համար, նաև նշել է, որ պատերազմի միջնաժամկետ ազդեցությունը կախված կլինի «հակամարտության ինտենսիվությունից և տևողությունից»։

ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը, իր հերթին, լրագրողներին ասել է, որ բանկը «լավ վիճակում է և լավ հագեցած»՝ «ծավալվող լուրջ ցնցումը» հաղթահարելու համար։