ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ գոհ է Իրանում ԱՄՆ ռազմական գործողություններին Ճապոնիայի ցուցաբերած աջակցության մակարդակից, հաղորդում է CNN-ը։
Նա Ճապոնիան համեմատել է եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք նվազ եռանդով են աջակցել նրան հակամարտության սրման ժամանակ։
«Մենք հսկայական աջակցություն և հարաբերություններ ենք ունեցել Ճապոնիայի հետ բոլոր հարցերում,- Ճապոնիայի վարչապետ Սանա Տակաիչիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ -Եվ ես կարծում եմ, որ երեկ, երեկ չէ առաջին օրը Ճապոնիայի վերաբերյալ մեզ ուղղված հայտարարությունների հիման վրա, նրանք իսկապես անում են հնարավոր ամեն ինչ։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի»։
Հինգշաբթի ավելի վաղ եվրոպական երկրների և Ճապոնիայի մի խումբ համատեղ հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էին Պարսից ծոցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումները և Հորմուզի նեղուցի փաստացի փակումը, հավելելով, որ պատրաստ են նպաստել «նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար համապատասխան ջանքերին»։
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի հարցում վարչակազմի ջանքերին լիովին չաջակցելու համար, երեքշաբթի օրը լրագրողներին ասելով, որ իր կարծիքով պաշտպանական դաշինքը «շատ հիմար սխալ է թույլ տալիս»։
Ավելի ուշ նախագահը հայտարարել է, որ ակնկալում է, որ Ճապոնիան «կխթանի իր դիրքորոշումը»՝ հղում անելով երկրի կախվածությանը Հորմուզի նեղուցից նավթի ներմուծման համար։
«Եվ հետո, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, նրանք չեն ցանկանում օգնել մեզ պաշտպանել նեղուցը, մինչդեռ դա նրանց է պետք,- ասել է նա։ -Սակայն հիմա նրանք շատ ավելի բարի են դառնում, քանի որ տեսնում են իմ վերաբերմունքը... Սակայն ինձ համար արդեն շատ ուշ է»։





























