Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պատճառով շուկայում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) պակասը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության համար ավելի լուրջ խնդիր, քան նավթի մատակարարման խափանումները։ Այս կարծիքն է հայտնել The Washington Post-ի արտաքին քաղաքականության առաջատար մեկնաբան Դեւիդ Իգնատիուսն իր հոդվածում։

Նա նշել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտությունը «չորեքշաբթի օրը մտել է նոր փուլ, երբ Իսրայելը հարվածել է «Հարավային Պարս» գազային հանքավայրին, իսկ Իրանը պատասխանել է՝ հարձակվելով Կատարի մոտակա հեղուկացման կայանների վրա Ռաս Լաֆանում»։ «Գազը կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար, քան նավթը»,- ընդգծել է Իգնատիուսը։ «Կատարը մատակարարում է համաշխարհային ՀԲԳ մոտ 20 տոկոսը, իսկ սփոթ գները այս ամիս գրեթե կրկնապատկվել են»։

Հոդվածագիրը հավելել է, որ փորձագետների՝ իրեն տրամադրած տվյալների համաձայն՝ «Պարսից ծոցի երկրները կարող են օրական արտահանել առնվազն 7 միլիոն բարել [նավթ]՝ օգտագործելով Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարեր»։ «Կատարի գազի համար նման այլընտրանքային ուղի գոյություն չունի»,- հավելել է նա։

Իգնատիուսի խոսքով՝ ԱՄՆ-ի համար «այս հակամարտության ավարտը շատ ավելի դժվար կլինի, քան այն սկսելը»։ «Հաղթանակ» հայտարարելը եւ հեռանալը կնշանակեր տարածաշրջանը վտանգավոր քաոսի մեջ թողնել»,- կարծում է նա։ Այս առումով հոդվածագիրը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, հավանաբար, չեն կարողանա «տապալել Իրանի կառավարությունը»։ Իգնատիուսը նաեւ վստահություն է հայտնել, որ Իրանի Խարգ կղզում նավթային ենթակառուցվածքները զավթելու փորձը, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Վաշինգտոնը դիտարկում է, միայն կսրացնի էներգակիրների շուկաների ճգնաժամը։