Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ մերժել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն մարտի 22-ին կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն տալը։ Նա հարցումը ներկայացրել էր իր փաստաբանի միջոցով։
Սաակաշվիլին բացառություն է խնդրել՝ հղում կատարնելով նախկին նախագահի իր կարգավիճակին եւ այն փաստին, որ պատրիարքն իր ընկերն էր եւ որդու կնքահայրը։
«Բանտարկյալ Միխայիլ Սաակաշվիլու խնդրանքը՝ մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը, չի կարող բավարարվել, քանի որ չի պատկանում այն բացառիկ հանգամանքների թվին, որոնց դեպքում բանտարկյալներին թույլատրվում է դուրս գալ քրեակատարողական հիմնարկից»,- հայտնել է քրեակատարողական ծառայությունը։
Սաակաշվիլու ամենամտերիմ կողմնակիցներից մեկը՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Գիորգի Բարամիձեն, լրագրողներին ասել է, որ ներկայիս իշխանությունները «վախենում էին թույլ տալ նախագահին դուրս գալ բանտից՝ պատրիարքի հուղարկավորությանը մասնակցելու համար, քանի որ դա կհանգեցներ հասարակական անկարգությունների»։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը մահացել է հիվանդանոցում մարտի 17-ին։ Նա 93 տարեկան էր։





























