Մարտի սկզբից Հորմուզի նեղուցով անցել է 99 առեւտրային նավ, օրական միջինը հինգ-վեց նավ, հաղորդել է BBC-ն՝ հղում կատարելով Kpler ընկերության վերլուծական տվյալներին։

Թեեւ ամենօրյա պահանջարկ ունեցող որոշ էներգակիրներ եւ սպառողական ապրանքներ շարունակում են տեղաշարժվել աշխարհի ամենածանրաբեռնված երթուղիներից մեկով, Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկից ի վեր օրական երթեւեկությունը նվազել է մոտ 95 տոկոսով։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նեղուցով վերջին անցումների մոտ մեկ երրորդը Իրանի հետ կապված նավեր են։

Մեծ Բրիտանիայի առեւտրային ծովային գործողությունների վարչության (UKMTO) վիճակագրության համաձայն՝ Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողություններից առաջ նեղուցով օրական անցել է մոտ 138 նավ։

Պատերազմի սկսվելուց հետո UKMTO-ն գրանցել է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծոցում առեւտրային նավերի եւ ծովային ենթակառուցվածքների վրա Իրանի ավելի քան 20 հարձակում։