Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանք վաճառել առնվազն 3 միլիարդ դոլարով, տեղեկացրել է ԲելՏա գործակալության։

Լուկաշենկոն առաջին անգամ այս թեմայի շուրջ խոսել է 7-րդ Համաբելառուսական ժողովրդական ժողովի երկրորդ նստաշրջանի ժամանակ։ Նա լրագրողներին ներկայացրել է հնարավոր գործարքը։

«Նրանք քննարկում են դա։ Բայց երեք միլիարդը նվազագույնն է։ Եվ կառավարությունը կհաշվարկի պաշարները եւ էլի ինչ-որ բան... Դա ավելի թանկ կլինի»,- ասել է նա։

Նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգները հարուստ է, բայց չի ցանկանում շատ վճարել իր ցանկալի ռեսուրսների համար. «բոլորն էլ դա անվճար են ուզում»։

Լուկաշենկոն նաեւ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն հրավիրել է հանդիպել Ֆլորիդայի իր Մար-ա-Լագոյի նստավայրում։ Նա ասել է, որ հրավերը եղել է ամերիկյան կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում, որտեղ քննարկվել է այսպես կոչված «մեծ գործարքը»։

Հանդիպման հնարավոր ժամկետները կամ դրա նախնական օրակարգը չեն նշվել։ Ավելի վաղ բելառուս եւ ամերիկացի պաշտոնյաները չէին մեկնաբանել բանակցային գործընթացը, որը, ըստ Լուկաշենկոյի, արդեն հասել է կոնկրետ համաձայնագրերի քննարկման փուլին։