Ծովային փորձարկումների ժամանակ Orient Express Corinthian նավը իր չափսի առագաստանավի արագության նոր ռեկորդ է սահմանել: 37 կմ/ժ արագությամբ համընթաց քամու պայմաններում նավը կարողացել է 22 կմ/ժ թափ հավաքել: Առավելագույն հաշվարկային արագությունը 32 կմ/ժ է, ինչը բավականին տպավորիչ է 219 մետր երկարությամբ և 25 հազար տոննա ջրատարողությամբ նավի համար, որը շարժվում է միայն առագաստների հաշվին:
Ներառված է նաև շարժիչ՝ հանգիստ պայմաններում մանևրելու և շարժվելու համար՝ ըստանվտանգության պահանջների, հաղորդում է Техкульт-ը: Սակայն հենց Solid Sail առագաստային համակարգն է Chantiers de l'Atlantique-ի ինժեներների հպարտությունը: Դրա մշակումն ու փորձարկումը տևել է 17 տարի, մինչև այն իսկապես մեծ նավի վրա տեղադրելու համար պիտանի է համարվել:
Երեք ածխածնային մանրաթելային կայմերը գրեթե 70 մետր բարձրություն ունեն, որոնցից յուրաքանչյուրը պահում է 1500 քառակուսի մետր առագաստ: Հատուկ մեխանիզմը կայմերին հնարավորություն է տալիս ոչ միայն պտտվել 360 աստիճանով, այլև թեքվել 70 աստիճանով: Դա օգնում է որսալ ցանկացած քամի և միաժամանակ հեշտացնում է կամուրջների տակով անցումը. կառուցվածքի ընդհանուր բարձրությունը կարող է կարգավորվել՝ տարբեր առաջադրանքներին համապատասխանելու համար։
Orient Express Corinthian-ը և՛ նոր առագաստանավային համակարգի ցուցադրական նավ է, և՛ առևտրային նավ։ Նավն ունի 54 խցիկ՝ 110 ուղևորի համար։ Եվ դա շարքի միայն առաջինն է. Սեն-Նազերի նավաշինարանում այժմ պողպատ են կտրում Orient Express Olympian անվանումը ստացած երկրորդ նավի համար, որը ջուրը կիջեցվի 2027 թվականին։




























