Ըստ ABC News-ի տրամադրության տակ ընկած գաղտնի փաստաթղթի՝ այս ամսվա սկզբին ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն օդանավակայաններից մեկում ժամանակավորապես տագնապ առաջացրած անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը, ինչպես հետագայում պարզվել է, ավելի լայնածավալ և ավելի պոտենցիալ վտանգավոր է եղել, քան ի սկզբանե հաղորդվել էր։
Լուիզիանայի Բարկսդեյլի ռազմաօդային բազան հայտարարել է, որ «բազայի վրայով անօդաչու թռչող սարքի մասին հաղորդումից հետո» մարտի 9-ին ինքնամեկուսացման ռեժիմի հրաման է տրվել։
Ինքնաթիռի հայտնաբերումը մտահոգություններ է առաջացրել, քանի որ բազայում տեղակայված են B-52 հեռահար ռմբակոծիչներ, որոնք ռազմաօդային ուժերի միջուկային պաշտպանության կարողությունների կառավարման և վերահսկողության գործում կարևոր դեր են խաղում։
Ինքնամեկուսացման ռեժիմի հրամանը վերացվել է նույն օրը, սակայն անօդաչու թռչող սարքերի չարտոնված թռիչքները շարունակվել են գրեթե մեկ շաբաթ։
«Բարկսդեյլի ռազմաօդային բազան մարտի 9-ից սկսած ամբողջ շաբաթվա ընթացքում մեր օդային տարածքում անօրինականորեն գործող բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է նկատել»,- ABC News-ին տրամադրված հայտարարության մեջ նշսել է 2-րդ ռմբակոծության թևի կապիտան Հանթեր Ռինինգերը։
Ըստմարտի 15-ի գաղտնի փաստաթղթի՝ անօդաչու թռչող սարքերը հայտնվել են ալիքներով՝ ներթափանցելով բազայի ներս և դուրս թռել այնպիսի ձևով, որը իրավիճակը կարող է վկայել «օպերատորի հայտնաբերումից խուսափելու» փորձերի մասին։
«2026 թվականի մարտի 9-15-ը ավիաբազայի անվտանգության ուժերը դիտարկել են 12-15 անօդաչու թռչող սարքերի բազմակի ալիքներ, որոնք գործում էին բազայի զգայուն տարածքներում, ներառյալ՝ թռիչքուղու վրա։ Անօդաչու թռչող սարքերը ցուցաբերում էին ոչ առևտրային ազդանշանային բնութագրեր, ունեին հեռահար կապի ալիքներ և դիմացկուն էին խլացումներին։ Բազայի մի քանի կետերին հասնելուց հետո անօդաչու թռչող սարքերը ցրվել են բազայի զգայուն տարածքներով»,- նշվում է փաստաթղթում։
Թռիչքները տևել են օրական մոտ չորս ժամ, անօդաչու թռչող սարքերը կիրառել են տարբեր մոտեցումներ և թիրախային մանևրներ կատարել սահմանափակ օդային տարածքում։
«Դա, անշուշտ, սոսկ դրոնների շարքային սիրահար չէր, որը չափազանց հեռուն էր գնացել,- ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Միք Մալրոյը։ -Թվում է, թե դա արվել է կանխամտածված կերպով՝ տեսնելու համար, թե ինչպես կարձագանքեն»։
Վերլուծաբանները հայտարարել են, որ «չափազանց վստահ» են, որ առաջիկայում ավիաբազայում և դրա շրջակայքում չարտոնված անօդաչու թռչող սարքերի գործունեությունը կշարունակվի։



























