Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ Հին Եգիպտոսում նկարիչները ապահովագրված չէին սխալներից, եւ նրանք բավական հնարամիտ էին դրանք ուղղելու հարցում։
Այս զարմանալի հայտնագործության մասին հոդված է հրապարակվել Artnet ամսագրում։
Մոտավորապես 3 300 տարեկան պապիրուսի վրա գիտնականները հայտնաբերել են հին «սրբագրիչի» նման մի բան, որը հիշեցնում է ժամանակակից սպիտակ շտրիխ կամ «Wite-Out»։ Սա պատահական մանրամասն չէ, այլ պատկերի միտումնավոր ուղղում։
Այն «Մեռյալների գրքից» մի հատված է, որը ստեղծվել է Ռամոսե անունով բարձրաստիճան գրագրի համար մ.թ.ա. 13-րդ դարում։ Տեսարաններից մեկը պատկերում է շնագայլ՝ հավանաբար Ուպուաուտ աստված՝ հոգիների ուղեկցորդը դեպի հանդերձյալ կյանք։ Սակայն ավելի մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրա ֆիգուրը փոխվել է. մարմնի կողքերին եւ հետեւի թաթերին գծվել են հոծ սպիտակ գծեր, որոնք վիզուալ առումով «նեղացնում» են կենդանու ուրվագիծը։ Ըստ էության, նկարիչը պարզապես որոշել է, որ շնագայլը չափազանց գեր է եւ ուղղել է այն։
Ժամանակակից հետազոտական մեթոդները թույլ են տվել գիտնականներին բառացիորեն «նայել» այս հին ուղղման մակերեսի տակ։ Ինֆրակարմիր պատկերման եւ մանրադիտակի միջոցով գիտնականները պարզել են, որ սպիտակ ներկը քսվել է բնօրինակի վրա։ Դրա կազմը նույնպես մտածված է եղել. կալցիտի եւ հանտիտի խառնուրդ՝ դեղին գունանյութերի ավելացմամբ, որպեսզի ուղղումն ավելի լավ համադրվի պապիրուսի գույնի հետ, որը հին ժամանակներում ավելի բաց էր, քան այսօր։
Հետաքրքիր է, որ նմանատիպ ուղղումներ, ըստ հետազոտողների, կարող էին հայտնաբերվել նաեւ եգիպտական այլ պապիրուսների վրա, բայց նախկինում դրանք պարզապես չէին նկատվել։ Այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ հին վարպետներն աշխատել են ոչ պակաս մանրակրկիտ, քան ժամանակակից նկարիչները. նրանք խմբագրել են իրենց պատկերները՝ ձգտելով կատարելության եւ չեն վախեցել փոփոխություններ կատարել նույնիսկ սակրալ տեքստերում։
Արդյունքում՝ մեր առջեւ ոչ միայն հետաքրքիր մանրամասն է, այլեւ հին արվեստում մարդկային պահի հազվագյուտ վկայություն. հազարավոր տարիների ծեսերի եւ խորհրդանիշների հետեւում հանկարծակի ի հայտ է գալիս շատ ծանոթ մի զգացողություն՝ «այն շտկելու, այն ավելի գեղեցիկ դարձնելու» ցանկությունը։





























