Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժամանակակից աշխարհը լուրջ փոփոխությունների շրջան է ապրում, իսկ միջազգային առաջնորդության սովորական մոդելներն այլևս չեն գործում այնպես, ինչպես նախկինում։

Ըստ նրա, արևմտյան դաշինքներն ու կոալիցիաները լուրջ փորձությունների են բախվում, և դրանց ռազմավարությունը վերանայման կարիք ունի։

«Մենք այլևս չենք կարող հենվել համագործակցության հին սխեմաների վրա»,- նշել է Ստուբը։

Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի՝ որպես «բարու հեգեմոնի» դերի նվազումը։ «Որոշումներն ավելի ու ավելի հաճախ կայացվում են միայնակ՝ առանց դաշնակիցների հետ համաձայնեցնելու, ինչը փոխում է ողջ արևմտյան կոալիցիայի դինամիկան»,- ասել է Ստուբը։

Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ Եվրոպան այժմ Վաշինգտոնի ռազմավարական շահերի մեջ զբաղեցնում է երրորդ տեղը՝ Արևմտյան կիսագնդի և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից հետո։

Չնայած դրան, Ստուբը կոչ է արել պահպանել սերտ անդրատլանտյան համագործակցությունը, հատկապես ՆԱՏՕ-ի շրջանակում՝ «փրկելով այն ամենը, ինչ հնարավոր է»։

«Մենք պետք է ամրապնդենք ինստիտուցիոնալ կապերն ու վստահությունը դաշինքների ներսում, որպեսզի պատրաստ լինենք ցանկացած մարտահրավերի»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործչի կարծիքով, արևմտյան հանրույթը պետք է հարմարվի նոր իրողություններին, արդյունավետորեն արձագանքի անվտանգության, տնտեսական կայունության և միջազգային կայունության պահպանման հարցերին։