Մերձավոր Արևելքում պատերազմը հասել է վտանգավոր փուլի. հաղորդվում է Իրանի Նաթանզի հարստացման համալիրին և Իսրայելի Դիմոնա քաղաքին հարվածներ հասցնելու մասին, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Ըստ նրա, գործակալությունն ուսումնասիրում է երեկ Իրանի հարավ-արևելքում և իսրայելական Դիմոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպերը։
«Օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթման անոմալ կամ բարձր մակարդակի որևէ նշանի մասին հաղորդում չի ստացվել։ Միջուկային օբյեկտների վրա հարձակումները բնակչության առողջության և բնապահպանական անվտանգության համար աճող սպառնալիք են ստեղծում»,- ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։
Ըստ Գեբրեյեսուսի, ռազմական գործողությունների սկզբից ի վեր ԱՀԿ-ն 13 երկրում իր աշխատակիցների և ՄԱԿ-ի անձնակազմի համար կարևոր նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, որպեսզի օգնի նրանց արդյունավետորեն արձագանքել բնակչության առողջությանը սպառնացող վտանգներին՝ միջուկային միջադեպի դեպքում։
«Բոլոր կողմերին հորդորում եմ ռազմական առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է միջուկային միջադեպեր հրահրել։ Առաջնորդները պետք է առաջնահերթություն տան լարվածության նվազեցմանը և քաղաքացիական բնակչության պաշտպանությանը»,- հավելել է նա։