Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին վերջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական էլեկտրակայաններին հարվածելու սպառնալիքի դեմ՝ հայտարարելով, որ Թեհրանը համաչափ կպատասխանի ցանկացած նման հարձակման. հայտնում է Mehr-ը։

Ղարիբաբադին ասել է, որ «Իրանի էլեկտրակայանների և կենսական նշանակության ենթակառուցվածքների» նկատմամբ սպառնալիքները հավասարազոր են քաղաքացիական օբյեկտների դեմ սպառնալիքներին, որոնք պատերազմի ժամանակ չպետք է թիրախ դառնան։

«Հաշվի առնելով [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի անկարողությունը՝ կատարելու ագրեսիայի և խախտումների կանխման իր պարտականությունները, ինչպես նաև հաշվի առնելով Իրանի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ Իրանի կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման կտրվի համաչափ պատասխան,— ասել է Ղարիբաբադին։— Հետագա ցանկացած լարվածության համար ողջ իրավական պատասխանատվությունը և բոլոր հետևանքները կկրեն նրանք, ովքեր նախաձեռնել են այն»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ապա ինքը «կոչնչացնի երկրի բոլոր էլեկտրակայանները»։