Արցախից բռնի տեղահանված Արթուր Սարգսյանը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարքը։
NEWS.am-ի հետ զրույցում նա Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է, որ նա որպես պետության առաջին դեմք, պարտավոր է կնոջը կամ երեխային հարգանքով վերաբերել, կապ չունի՝ Արցախից տեղահանված է, թե Երեւանի կենտրոնում ապրող։
«Նիկոլ Փաշինյանը բառեր է օգտագործում, որը չի կարելի համարել քաղաքակիրթ, ժողովրդավար երկրի վարչապետի խոսքեր։ Ի՞նչ է նշանակում՝ փախել եք, թողել եք, իսկ ինքը մի օր, թեկուզ երկու օր սոված կարա՞ դիմանա իրենց տանը։ Չէ, ինքը ավտոբուսում ուտում է, ինքը գյուղացիների հետ վիճում է, խոսում է այնպիսի բաների մասին, որ անիմաստ է խոսել։ Մենք տունը չենք թողել, մենք պատերազմի ընթացքում դուռը փակել ենք էն հույսով, որ պիտի վերադառնանք մեր տներում ապրելու։ Մենք չենք փախել, մենք կռվով նահանջել ենք դավաճանության պատճառով։ Մենք պայքարել ենք 30 տարի, ստեղծել ենք ամեն ինչ, բայց պատերազմ է եղել, կռվել ենք։ Հայաստան տեղափոխված 150 հազար արցախցիներին պիտի սրբաբաց ընդունեին, երբեք արցախցին չի մոռանա իր երկիրը»,– ասել նա։
Արցախից բռնի տեղահանված Արթուրի համար անհասկանալի է նաեւ՝ ինչպես կարող է Արցախը լինել պատերազմի սպառնալիք. «Մենք 30-35 տարի պատերազմի մեջ ենք եղել, ապրել ենք կողք կողքի, կռվել ենք կողք կողքի, զոհվել ենք կողք կողքի, թաղվել ենք կողք կողքի, սոված ենք մնացել, անքուն ենք մնացել, խրամատներում ենք մեծացրել մեր երեխաներին կամ մեր հարսանիքները արել են առանց մեզ։ Չի կարելի տարբերություն դնել արցախցու եւ հայաստանցու միջև, դա անընդունելի բան է։ Մենք գնալու ենք Արցախ, վերադառնալու ենք այնտեղ ապրելու»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել եւ գոռգոռացել 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։





























