Ճապոնիայի կառավարությունը ընթացիկ ֆինանսական տարվա (որն ավարտվում է 2026 թվականի մարտի 31-ին) բյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 810 միլիարդ իեն (մոտ 5,1 միլիարդ դոլար) կհատկացնի՝ բենզինի գների աճի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ միջոցներն ուղղվելու են բենզինի մանրածախ գների սուբսիդավորման հիմնադրամի համալրմանը։ Ակնկալվում է, որ պաշտոնական որոշումը կկայացվի մարտի 24-ին։
Մարտի 16-ին Ճապոնիայում մեկ լիտր բենզինի մանրածախ գինը հասել է 190,8 իենի (մոտ 1,2 դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)՝ պատմական ռեկորդ սահմանելով 1990 թվականից ի վեր (երբ սկսել է կիրառվել հաշվարկման ներկայիս մեթոդաբանությունը)։ Գների աճը պայմանավորված է հում նավթի կտրուկ թանկացմամբ՝ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։
Միևնույն ժամանակ, մարտի 19-ից ուժի մեջ են մտել գների զսպմանն ուղղված կառավարական միջոցառումները, որոնց նպատակն է բենզինի մանրածախ գինը պահպանել լիտրի դիմաց մոտ 170 իենի մակարդակում: Սուբսիդիաները տարածվում են այդ ամսաթվից սկսած մատակարարվող վառելիքի խմբաքանակների վրա, և ակնկալվում է, որ մեկ-երկու շաբաթվա ընթացքում դրանք կկարգավորեն բենզինի մանրածախ արժեքը:
Մարտի 16-ին Ճապոնիան սկսել է շուկա հանել նավթի ազգային ռազմավարական պաշարների մի մասը՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մատակարարումների խափանման պատճառով: Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի նավթի այնպիսի ծավալ, որը կբավարարի երկրի պահանջարկը 45 օրվա ընթացքում: Այդ քանակությունը մեծածախ ընկերություններին կվաճառվի համեմատաբար ցածր գներով, որոնք համապատասխանում են նախքան Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները եղած մակարդակին: Ճապոնիայի ընդհանուր պաշարները բավարարում են երկրի կարիքները մոտավորապես ութ ամիս:





























