Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ահազանգում է շարունակվող կլիմայական փոփոխությունների կապակցությամբ։ Կլիման «դուրս է եկել հավասարակշռության վիճակից ավելի ուժգին, քան երբևէ նախկինում»,— ասված է կազմակերպության՝ 2025 թվականի կլիմայի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ մարտի 24-ին, Ժնևում։
Կործանարար փոփոխությունները տեղի են ունեցել մի քանի տասնամյակների ընթացքում, սակայն դրանց վնասակար հետևանքները զգացվելու են դեռ հարյուրավոր, իսկ հնարավոր է նաև հազարավոր տարիներ, նշվում է փաստաթղթում։ «Համաշխարհային կլիման գտնվում է արտակարգ դրության մեջ»,— զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Երկիր մոլորակը հասնում է իր հնարավորությունների սահմանագծին, հայտարարել է նա։
Բարձր ջերմաստիճաններ մոլորակի վրա
Զեկույցը հաստատում է, որ դիտարկումների սկզբից ի վեր 2025 թվականը դարձել է երկրորդ կամ երրորդ ամենաշոգ տարին։ Համաշխարհային միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակը գերազանցել է 1,43 աստիճան Ցելսիուսով, ինչը փոքր-ինչ ցածր է Փարիզի համաձայնագրով սահմանված 1,5 աստիճանի շեմից։ 2015-2025 թվականների ժամանակահատվածը դարձել է չափումների ողջ պատմության ընթացքում տասնմեկ ամենատաք տարիները։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Սելեստ Սաուլոն զգուշացրել է ավելի ու ավելի էքստրեմալ եղանակային երևույթների հետևանքների մասին։ Շոգի ալիքները, անտառային հրդեհները, երաշտները, փոթորիկները և ջրհեղեղները անցյալ տարի հազարավոր կյանքեր են խլել, ազդել միլիոնավոր մարդկանց վրա և միլիարդավոր եվրոների տնտեսական վնաս պատճառել։
Ռեկորդներ՝ բոլոր կլիմայական ցուցանիշներով
Ջերմոցային երեք հիմնական գազերի՝ CO₂-ի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիան, ըստ առանձին չափիչ կայանների տվյալների, շարունակել է աճել 2025 թվականին։1960 թվականին չափումների սկզբից ի վեր օվկիանոսները տաքացել են մինչև ռեկորդային սահմանների, ընդ որում՝ տաքացման տեմպերն արագանում են. 2005–2025 թվականներին տաքացման արագությունը կրկնակի գերազանցել է 1960–2005 թվականների ցուցանիշը։
Սառցադաշտերի հալոցքը նույնպես շարունակվել է բարձր տեմպերով։ 1979 թվականին արբանյակային դիտարկումների սկզբից ի վեր Արկտիկական ծովային սառույցի մակերեսն անցյալ տարի իջել է մինչև նվազագույն կամ երկրորդ նվազագույն մակարդակի, իսկ անտարկտիկականը՝ մինչև երրորդ նվազագույնը՝ 2023 և 2024 թվականներից հետո։
Երկրի էներգետիկ անհավասարակշռությունը
Զեկույցում առաջին անգամ ներկայացվում են Երկրի էներգետիկ անհավասարակշռության մասին տվյալները, որը կլիմայական հիմնական ցուցանիշներից մեկն է։ Անհավասարակշռությունը, որն արձանագրում է Երկրի կողմից կլանվող և արտացոլվող արեգակնային էներգիայի հարաբերակցությունը, 1960 թվականից ի վեր անշեղորեն աճում է և 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի։
ՀՕԿ-ի տվյալներով՝ ավելցուկային ջերմության ավելի քան 91 տոկոսը կլանվում է համաշխարհային օվկիանոսի կողմից, միայն մեկ տոկոսն է բաժին ընկնում մթնոլորտի և Երկրի մակերևույթի տաքացմանը, իսկ հինգ տոկոսը՝ ցամաքային զանգվածներին։
ԵՄ-ի Copernicus ծառայությունը օդերևութաբանական դիտարկումների սկզբից ի վեր 2025 թվականը գնահատել է որպես երրորդ ամենատաք տարին։ ՀՕԿ-ի վերլուծությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, հիմնված է նաև ազգային օդերևութաբանական ծառայությունների տվյալների վրա. սրանով են բացատրվում գնահատականների չնչին տարբերությունները։




























