Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հակամարտությունը լուրջ փորձություն է դարձել դոլարի համար՝ որպես նավթի համաշխարհային առևտրի հիմնական արժույթի։ Ըստ Deutsche Bank-ի (DB) վերլուծաբանների, որոնց մեջբերում է ՌԲԿ-ն, այս հակամարտության երկարաժամկետ հետևանքներից մեկը կարող է լինել այս ոլորտում չինական յուանի դիրքերի ամրապնդումը։

«Այս հակամարտությունը կարող է խթան հանդիսանալ «նավթադոլարի» գերիշխանության թուլացման և «նավթայուանի» ձևավորման համար», — նշում է բանկի ռազմավար Մալլիկա Սաչդևան։

Նա մատնանշում է այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ Իրանը թույլատրում է նավերի անցումը Հորմուզի նեղուցով միայն այն դեպքում, եթե նավթի դիմաց վճարումները կատարվում են յուանով։

Զեկույցում նաև նշվում է, որ նավթադոլարի համակարգում տեղի ունեցող փոփոխությունները կարող են «շղթայական լուրջ հետևանքներ» ունենալ դոլարի դերի համար թե՛ ընդհանուր համաշխարհային առևտրում, թե՛ որպես պահուստային հիմնական արժույթ։ Միևնույն ժամանակ, Չինաստանն ակտիվացրել է ջանքերը՝ համաշխարհային շուկայում յուանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ՝ բացահայտ մարտահրավեր նետելով միջազգային առևտրի և ֆինանսների ոլորտում դոլարի գերիշխանությանը։

«Նավթադոլարային» համակարգի արմատները ձգվում են մինչև 1970-ական թվականներ, երբ Սաուդյան Արաբիան համաձայնել է նավթի գները սահմանել ԱՄՆ դոլարով և հավելյալ եկամուտները ներդնել դոլարային ակտիվներում՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Սակայն այսօր պատկերն այլ է. ինչպես նշում է Bloomberg-ը, Սաուդյան Արաբիան Չինաստանին չորս անգամ ավելի շատ նավթ է վաճառում, քան ԱՄՆ-ին, իսկ Պարսից ծոցի երկրներն արդեն փորձարկում են ոչ դոլարային վճարումների ենթակառուցվածքները։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը որպես պատասխան սկսել է թիրախավորել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտները, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները։ Բացի այդ, Թեհրանը սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը, որը նավթի համաշխարհային արտահանման կարևորագույն միջանցքն է։ Այս ամենը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի․ Brent տեսակի նավթի գինը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց։ Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունից հետո՝ կապված իրանական օբյեկտներին հասցվող հարվածների սահմանափակման հետ, նավթի գները նվազել են 100 դոլարից։