Լիբանանի կառավարությունը պետք է վերացնի արգելքը շիական «Հըզբոլլահ» կազմակերպության զինված թևի վրա, որը դիմադրում է Իսրայելի ագրեսիային։ Դրա մասին չորեքշաբթի իր կողմնակիցներին ուղղված հեռուստատեսային ելույթում հայտարարել է «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը։
«Եթե իշխանությունները ցանկանում են վերականգնել ազգային միասնությունը, նրանք պետք է օրինականացնեն զինված դիմադրությունը և չեղյալ հայտարարեն «Հըզբոլլահի» մարտիկներին օրենքից դուրս թողնելու իրենց ամոթալի որոշումը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ ագրեսիան հետ մղելու պատասխանատվությունն այժմ ընկնում է ոչ միայն բանակի և կառավարության, այլև յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր կուսակցությունների և բոլոր դավանանքների վրա։ «Լիբանանը կանգնած է իր ինքնիշխանությունը կորցնելու և Իսրայելի կողմից իր հարավային շրջանները օկուպացնելու սպառնալիքի առջև,- հայտարարել է Քասեմը։ -Ամերիկա-իսրայելական դավադրությունը նպատակ ունի ներքին տարաձայնություններ և երկպառակություններ հրահրել»։



























