Եվրոպացի քաղաքական գործիչները, իբր, չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում իրենցից՝ Իրանի դեմ իր ագրեսիայում՝ ամերիկյան պահանջներն անվանելով «անհեթեթորեն կցկտուր» և աջակցելով ԱՄՆ-ին միայն «հայտարարությունների և հանդիպումների» միջոցով, գրում է եվրոպական Politico պարբերականը:

Պարբերականը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, պնդում է, որ «Թրամփի ազդանշանները այն մասին, թե ինչ է նա ուզում Ամերիկայի դաշնակիցներից այս պատերազմում, այնքան խճճված են, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցում եվրոպական ցանկացած օգնություն մնում է արգելափակված»: «Վաշինգտոնը ռազմական տեխնիկայի համար դեռևս որևէ պաշտոնական խնդրանք չի ներկայացրել»,- հայտնում են պարբերականի աղբյուրները:

Politico-ն նշում է նաև ԵՄ կառավարությունների շփոթմունքը այն փաստի կապակցությամբ, որ Թրամփը սկզբում պահանջել էր, որ եվրոպացիներն ավելի շատ ներդրումներ կատարեն պաշտպանության մեջ՝ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու և ԱՄՆ-ին թույլ տալու կենտրոնանալ «այլ տարածաշրջանների» վրա, իսկ այժմ պահանջում է եվրոպական մասնակցություն Մերձավոր Արևելքում իր ռազմական արշավին և «գլոբալ մատակարարման շղթաների պաշտպանությանը»: Պարբերականի աղբյուրներից մեկը Վաշինգտոնի այդ պահանջներն «անհեթեթորեն կցկտուր» է անվանել:

Միևնույն ժամանակ, Politico-ն նույն հոդվածում խոստովանում է, որ եվրոպացիները «ավելի վաղ բացառել էին Հորմուզի նեղուցում գործողությանը մասնակցությունը», մասամբ այն մտավախությունների պատճառով, որ տարածաշրջան ուղարկված ուժերը «կենթարկվեն Իրանի հարձակմանը»։

«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ կանխատեսելիություն, պարզություն և ռազմավարական վերլուծություն, և ոչ միայն այս իրավիճակում»,- Politico-ին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հավելելով, որ եվրոպացիները մտադիր են «սպասել և հետևել»։

Արդյունքում, նշում է Politico-ն, եվրոպացիներն ԱՄՆ-ին տրամադրում են «այն օգնությունը, ինչին  ընդունակ են՝ հանդիպումներ, հայտարարություններ և աջակցության խոսքեր»։