ԵՄ-ն և Չինաստանը երկու տարվա ընթացքում առաջին անգամ ռազմական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց շրջանակում մասնավորապես մտքեր են փոխանակել Ուկրաինայի, Իրանի և Հարավչինական ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դրա մասին ասվում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ ТАСС-ի ստացած հայտարարության մեջ։
«ԵՄ-ի և Չինաստանի միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների 15-րդ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում մարտի 24-ին»,- նշվում է հայտարարության մեջ։ Քննարկված թեմաների թվում, Ուկրաինայից, Իրանից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից բացի, եղել են «տիեզերքում զինաթափման, չընդլայնման և անվտանգության հարցերը»։
Եվրոպական արտաքին ծառայությունը հայտարարել է, որ վերահաստատել է Չինաստանի ղեկավարությանն ուղղված իր կոչը՝ «ազդեցություն գործադրելու» Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը Բրյուսելի և Կիևի համաձայնեցրած պայմաններով դադարեցնելու համար, ինչպես նաև ընդգծել է Չինաստանի պատասխանատվությունը Հարավչինական ծովում և Թայվանի նեղուցում «կայունության և նավարկության ազատության ապահովման» հարցում։
ԵՄ-ն ներկայացրել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով տնօրեն Բենեդիկտե ֆոն Սեհեր-Թոսը, իսկ չինական կողմը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միջազգային ռազմական համագործակցության վարչության պատվիրակությունը։





























