Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը համարում է, որ բոլոր երկրները պետք է հետևեն Լիբանանի օրինակին և իրենց տարածքներից վտարեն Իրանի դեսպաններին։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Իսրայելում օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների համար տեսակոնֆերանսի ժամանակ։

«Ավելի քան մեկ ժամ առաջ Իսրայելում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ ես նրանց երկրներին կոչ եմ արել Իրանի դեսպաններին վտարելու իրենց տարածքներից, ինչպես երեկ հայտարարեց Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը»,- գրել է Սաարը ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ավելի վաղ Լիբանանում Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանին հայտարարվել էր անցանկալի անձ՝ «երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու համար»։ Լիբանանի ԱԳՆ-ն պահանջել էր, որ իրանցի դիվանագետը լքի Բեյրութը մարտի 29-ից ոչ ուշ։ Իրանամետ շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը Բեյրութի իշխանությունների որոշումն անվանել է անխոհեմ քայլ, որը չի ծառայում Լիբանանի ազգային շահերին։