Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, առանց մանրամասնելու, հայտարարել է, որ ուկրաինական կողմի տվյալներով, ռուսները պատրաստվում են հարվածել ուկրաինական քաղաքների ջրամատակարարման համակարգերին։
«Մենք գիտենք, որ ռուսներն առաջիկա ամիսներին գործողություն են նախապատրաստում ջրամատակարարման համակարգերի դեմ։ Յուրաքանչյուր համայնք պետք է լուրջ, բացարձակապես պատասխանատու մոտեցում ցուցաբերի համապատասխան օբյեկտների պաշտպանությանը»,- իր վերջին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը վերահաստատել է նաև Ուկրաինայի պատրաստակամությունը՝ օգնելու Պարսից ծոցի երկրներին իրանական անօդաչու թռչող սարքերից պաշտպանության և այդ երկրների հետ կապերի հարցում։
«Մեր աջակցության դիմաց մեզ համապատասխան աջակցություն է անհրաժեշտ այն հարցում, ինչը մեզ համար իսկապես դժվար է՝ պաշտպանություն բալիստիկ հրթիռներից և ֆինանսական միջոցներ պաշտպանության համար»,- ասել է Զելենսկին։





























