Նեպալի նախկին վարչապետ Շարմա Օլին և ներքին գործերի նախկին նախարար Ռամեշ Լեկհակը շաբաթ առավոտյան բերման են ենթարկվել՝ սեպտեմբերին ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունների մեջ ունեցած ենթադրյալ առնչության կասկածանքով։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Բալենդրա Շահը և նրա կաբինետը երդում տվեցին 2025 թվականի ապստամբությունից հետո անցկացված առաջին ընտրությունների արդյունքում։ Հիշեցնենք, որ այդ ապստամբության հետևանքով տապալվել էր 74-ամյա Օլիի կառավարությունը։

«Նրանք բերման են ենթարկվել այս առավոտ, և գործընթացը կշարունակվի օրենքին համապատասխան ձևով», - գործակալությանը հայտնել է Կատմանդուի հովտի ոստիկանության ներկայացուցիչ Օմ Ադհիկարին:

Բռնությունների հետաքննության հանձնաժողովի տվյալներով՝ սեպտեմբերի 8-ին և 9-ին կոռուպցիայի դեմ երիտասարդական ապստամբության ընթացքում առնվազն 76 մարդ է սպանվել։ Բողոքի ցույցերի առաջին օրը՝ սոցիալական ցանցերի կարճատև արգելքի պատճառով սկսված, բայց տնտեսական դժվարություններից բխող տևական դժգոհության վերածված ակցիաների ճնշման ժամանակ սպանվել է առնվազն 19 երիտասարդ։

Հաջորդ օրն անկարգությունները տարածվել են ողջ երկրով մեկ. հրկիզվել են խորհրդարանի և կառավարական գերատեսչությունների շենքերը, ինչն էլ հանգեցրել է կառավարության տապալմանը։ Ժամանակավոր վարչակազմի կառավարման օրոք կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը, որը հետաքննում էր արյունալի ապստամբությունը, հանձնարարել է Օլիին և մյուս պաշտոնյաներին ենթարկել քրեական պատասխանատվության։

Զեկույցում նշվում էր, որ «կրակ բացելու հրաման տալու փաստը չի հաստատվել», սակայն միևնույն ժամանակ շեշտվում էր, որ «ոչ մի ջանք չի գործադրվել հրաձգությունը դադարեցնելու կամ վերահսկելու համար, և նրանց անփույթ վարքագծի պատճառով նույնիսկ անչափահասներ են զոհվել»։

Ավելի վաղ Օլին հերքել էր, թե անվտանգության ուժերին ցուցարարների վրա կրակ բացելու հրաման է տվել։ Մարտի 5-ի ընտրություններում վերընտրվելու անհաջող փորձի ժամանակ նա AFP գործակալությանը հայտնել էր, թե բռնությունների համար մեղադրում է «ներթափանցած սադրիչներին»։