Երեկվանից լուրեր են տարածվել, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդական, Պետական պահպանության վարչության պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը երկրից փախուստի փորձ է կատարել եւ ձերբակալվել: Նշենք, որ Հայկ Ստեփանյանը Գասպարյանի ամենամտերիմ մարդկանցից է, նույնիսկ այն աստիճանի, որ Գասպարյանի պաշտոնների փոփոխության հետ միաժամանակ նա էլ է տեղափոխվում այս կամ այն համակարգ: Քիչ առաջ NEWS.am –ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել ու անձամբ Ստեփանյանից լսել մեկնաբանություններ իր ձախողված փախուստի վերաբերյալ:
-Ես ուղղակի զարմանում եմ` ոնց կարող ա պատահի ըտենց բան, նույնիսկ գնացի թոշակի, չպրծա: Ճիշտ ա, աշխատում եմ թոշակից հետո, բայց ոչ սպա կամ պաշտպան, բայց էլի չպրծա: Ես Ամերիկայից վերադարձել եմ հունվարի 25-ին, տասն օր առաջ: Ինչ խնդրի մասին ա խոսքը: Ես եկել եմ աշխատանքի, ինձ զանգում են լրագրողները` բա Դուք վերադարձել եք, ասում եմ` ինչ խնդիր կա: Հիմա ինչ-որ մարդիկ կան, ինչ-որ լուրեր են տարածում:
Պարոն Ստեփանյան, բայց ինչը կարող էր պատճառ լինել նման լուրեր տարածման համար, եթե պնդում եք որ ստահոդ են լուրերը: Ուրեմն ինչ-որ խնդիրներ կան, չէ՞:
Չէ, չէ ոչ մի խնդիր, ոչ մի բան: Ընդհակառակը, կապ չունի աշխատեմ` չաշխատեմ, ամբողջ կյանքովս ես Գասպարյանի կողքին եմ, դա էլ իմ որոշումն է, ոչ թե իրա: Ես մտածում եմ, որ ըտենց բան չկա: Գոնե ըտենց խնդիր չկա: Երկրորդը, ես արդեն թոշակի եմ անցել 65-ս լրացել ա, չկա ըտենց բան:
Բայց խոսքը ներկա գործունեության մասին չէ: Ըստ լուրերի, Դուք հետապնդվում եք նախկինում` Ռազմական ոստիկանությունում արած ապօրինությունների համար եւ դրանվ զբաղվում է նախագահականը:
Բացարձակապես սուտ ա, ըտենց բան չկա: Նկարել են, թե Ամերիկայում տուն ունեմ, բայց ես բացարձակպես տուն չունեմ: Մի տարի առաջ նորից գրվեց, զանգ տվեցի աղջկաս, ուղարկեց իր տունը, թե ինչ տվյալներով, որտեղ ու ոնց ա վճարում, աղջկաս տունն ա, ամուսնու հետ են առել, վճարում են, սկի 5 տոկոսն էլ չեն փակել: Էն ժամանակ կարգավորվեց, հիմա նորից ըտենց նկարել դրել են:
-Պարոն Ստեփանյան, բայց այս օրերին Դուք չե՞ք փորձել անցնել Վրաստան:
-Երեւի ուրիշ ձեւով են մտածել իրանք: Ես Իջեւանում եղել եմ 5 օր առաջ: Ուղղակի Գասպարյանը իր գալուց հետո շատ խիստ մոտեցումներ ա դրսեւորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց ասելու գնում են Վրաստան: Մարդիկ շաբաթ կիրակի իրենց ոչ աշխատանքային օրերին գնում- գալիս էին, հիմա յուրանքաչյուր շարժ հաշվառվում ա, դրա համար մի քիչ ուշադիր են ըտենց բաների նկատմամբ:
Այսինքն, Ձեր հանդե՞պ էլ է նույն հաշվառումը իրականացվել: Դո՞ւք էլ առանց ասելու եք փորձել գնալ եւ դրան հետեւել է այս աղմուկը:
Չէ, չէ:
Իսկ Վովա Գասպարյանի հետ խոսե՞լ եք: Թե նախագահականում ինչ նյութեր են պատրաստվում:
Հա բա ոնց, ոնց չեմ զանգել: Այո, ընդհանրապես ինքն էլ չգիտի, թե ինչի մասին ա խոսքը: Ես 6 ամիս ա էն հին աշխատանքի տեղի հետ ոչ մի բան չունեմ: Տարի ու կես ա թոշակի եմ գնացել: Գասպարյանը տեղափոխվել ա, ես իրա հետ դուրս եմ եկել, նա աշխատում էր փոխնախարար, ես փոխնախարարի խորհրդական: Հիմա էլ աշխատում եմ գլխավոր խորհրդական, ժամանակավոր երեք ամսով գործուղվել եմ պետական պահպանության վարչություն տեղակալի կարգավիճակով` աշխատանքներին օգնելու համար, իրա հանձնարարականն ա, հեսա ամսի 25-ին հանձնարարականը լրանում ա, եթե գտնի, որ պիտի հետ կանչել` կկանչի:
Եթե պնդում եք, որ նման բան չի եղել, ապա ինչո՞ւ պիտի այդպիսի լուրեր տարածվեին, ովքե՞ր պետք է դնեին շրջանառության մեջ:
Հակառակորդներ ունեմ, ունեմ նախկինի հետ կապված… լրագրողի հետ կապված….. թյուրիմացություն կա, չեմ ուզում իմ վրա վերցնեմ ասեմ…
Լրատվական դաշտի հակառակորդ նկատի ունե՞ք, թե՞ Ձեր ոլորտի:
Մեր ոլորտից հիմա գիտեք, բոլորի հետ շփվում եմ, գիտեմ, էնպիսին չի դաշտը: Էդքան տարի աշխատեմ, ոնց կարող ա չունենամ:
Ամեն դեպքում Ձեզ իրավական պատասխանատվություն չի սպառնու՞մ
Չէ, չէ ըտենց բան չկա:




























