Լոնդոնի ոստիկանությունը երկու շաբաթով չեղարկել է բոլոր արձակուրդները՝ սկսելով հրեական համայնքի անվտանգության ապահովման գործողությունն առաջիկա Պեսախ տոնի ընթացքում. հայտնում է The Sunday Times-ը։
Ըստ պարբերականի, հերթափոխերը ութ ժամից դարձրել են 12, իսկ պարեկության մեջ ներգրավել են նաև այն աշխատակիցներին, որոնք սովորաբար ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ են նշանակում։
Հոդվածում նշվում է, որ ավելի քան 260 լրացուցիչ սպա, որոնցից շատերը զինված են էլեկտրաշոկերներով, առանձին պարեկություն կիրականացնեն հրեական մեծ համայնքներ ունեցող թաղամասերում։
Բացի այդ, բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ ցանկացած հարձակման դեպքում անօդաչու թռչող սարքերը կկիրառվեն որպես «առաջին արձագանքման միջոցներ»՝ ոստիկաններին հնարավոր թաքնվող հանցագործների մասին տեղեկություններ տրամադրելու համար։ «Այս տեղակայումն իրականացվում է ոչ միայն վստահություն ներշնչելու, այլև որպես զսպող գործոն՝ հետագա հարձակումները կանխելու համար»,- թերթին ասել է գործողությունը ղեկավարող ոստիկանության ստորաբաժանման հրամանատար Ջեյմս Քոնվեյը։
Ըստ Քոնվեյի, անօդաչուները կօգտագործվեն զգուշորեն, որպեսզի համայնքի անդամների շրջանում «ավելորդ անհանգստություն չառաջացնեն», քանի որ նրանք կարող են վախենալ, թե դրանք Իրանի կողմից կիրառվող կամիկաձե անօդաչուներ են։