Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային դատապարտել է իսրայելական ուժերի իրականացրած սպանությունը, որի թիրախում են եղել Լիբանանում Al Manar և Al Mayadeen հեռուստաալիքների համար աշխատող լրագրողները. հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Բաղային խստորեն դատապարտել է Լիբանանի հարավում լիբանանցի լրագրողների մեքենային հասցված անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել են Ալի Շոեյբը, Ֆաթիմա Ֆաթունին և Մոհամադ Ֆաթունին։
«Լրագրողների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, որոնք ամրագրված են 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաներում, և պատերազմական հանցագործության ու մարդկության դեմ ուղղված հանցագործության ակնառու օրինակ են։ Իսրայելական ռեժիմը՝ Միացյալ Նահանգների և արևմտյան մի շարք այլ երկրների բացահայտ քաղաքական ու մեդիա հովանու ներքո, շարունակում է նման հանցագործություններ կատարել՝ մնալով բացարձակ անպատիժ»,- նշել է Բաղային։
Ցավակցություն հայտնելով լրագրողների զոհվելու կապակցությամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է Իսրայելին «դատական պատասխանատվության ենթարկելու և պատժելու հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը»։