Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են ամերիկյան զորքերի ժամանմանը. հայտնում է ИРНА-ն:

Ղալիբաֆը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ վերջինս պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրանի հետ, մինչդեռ «գաղտնի ցամաքային հարձակում է պլանավորել»։

«Թշնամին բացահայտ կոչ է անում բանակցել, իսկ գաղտնի՝ ցամաքային հարձակում պլանավորում։ Մեր ժողովուրդը սպասում է ամերիկացի զինվորների ժամանմանը, որպեսզի հրկիզի նրանց»,- Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը։

Ավելի վաղ The Washington Post պարբերականը հայտնել էր, որ Պենտագոնն Իրանում մի քանի շաբաթ տևողությամբ ցամաքային գործողությունների ծրագրեր է նախապատրաստում, որոնք կարող են ներառել հարձակումներ Խարգ կղզու և Հորմուզի նեղուցի մերձակա ափամերձ օբյեկտների վրա, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի հաստատել դրանց իրականացումը:

Ցանկացած ցամաքային գործողություն չի հանգեցնի լայնամասշտաբ ներխուժման, փոխարենը կներառի հատուկ նշանակության ուժերի և սովորական հետևակային զորքերի գործողություններ. հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների:

Թրամփի վարչակազմն արդեն ամերիկյան ծովային հետևակայիններ է ուղարկել Մերձավոր Արևելք, քանի որ Իրանում պատերազմն արդեն հինգերորդ շաբաթն է շարունակվում, ինչպես նաև ծրագրում է տարածաշրջան ուղարկել հազարավոր զինվորներ ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային գնդից։