Եվրոպական միությունը ընդլայնում է միգրանտներին հետևելու, ստուգայցեր իրականացնելու և Աֆրիկայի ու այլ վայրերի երրորդ երկրների «վերադարձի կենտրոններ» արտաքսելու իր լիազորությունները։ Այն աննկատ որդեգրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մարտավարությունը, որը հանրային քննադատության էր արժանացել 27 երկրից բաղկացած բլոկում. գրում է Associated Press-ը։

Եվրամիությունը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունն այն բանից հետո, երբ 2024 թվականին որոշ երկրներում իշխանության եկան աջակողմյան կուսակցությունները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը ներկայացնում է «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» կենտրոնամետ աջ կոալիցիան, հայտարարել է, որ նոր միջոցները թույլ չեն տա կրկնել 2015 թվականի ճգնաժամը՝ սիրիական քաղաքացիական պատերազմի պատճառով, երբ շուրջ 1 միլիոն մարդ ապաստան էր փնտրում։

«Մենք դասեր ենք քաղել անցյալից։ Եվ այսօր ավելի լավ ենք պատրաստված»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Միգրացիայի և ապաստանի տրամադրման պակտ անունով հայտնի նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնում հունիսի 12-ին։ Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունները բարձր են գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքսման քաղաքականությունը և Եվրամիությանը կոչ են արել նմանատիպ մոտեցում որդեգրել։ Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են, որ իշխանություններն արդեն իսկ անօրինական կերպով ձերբակալում են միգրանտներին ԵՄ սահմաններին և զրկում նրանց իրավական պաշտպանությունից։

Եվրամիությունն արդեն միլիոնավոր դոլարներ է ծախսում միգրանտներին զսպելու համար՝ նախքան նրանց ափ հասնելը, և աջակցություն է ցուցաբերել տասնյակ հազարավոր աֆրիկացիների, որոնք տուն են վերադառնում կամավոր կամ հարկադրաբար։ Այժմ նախատեսվում է ընդլայնել այն մոդելը, որն ստեղծել է Իտալիան՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի և միգրացիայի հարցում նրա «կոշտ դիրքորոշման» օրոք։

Ալբանիայում գործում է միգրանտների պահման երկու կենտրոն այն անձանց համար, որոնց ապաստանի խնդրանքը մերժվել է։ Ներկայումս դրանցից մեկում առնվազն 90 միգրանտ կա. հայտնել է խորհրդարանի պատգամավոր Ռաշել Սկարպան, որը նշել է, որ վերջերս կատարած այցի ժամանակ մարդկանց տեսել է շփոթված ու վախեցած։

Բացի այդ, Մելոնիի կաբինետը հավանություն է տվել հակամիգրացիոն փաթեթին, որը ռազմածովային ուժերին թույլ կտա միջազգային ջրերում մինչև վեց ամիս ժամկետով կանգնեցնել այն նավերը, որոնք հասարակական կարգի համար սպառնալիք կհամարվեն, հետ վերադարձնել հայտնաբերված միգրանտներին ծագման կամ երրորդ երկրներ և արագացնել հանցագործությունների համար դատապարտված օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը։

Բացի այդ, ԵՄ երկրների «ոչ պաշտոնական խումբը», որը ներառում է Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդները, Դանիան և Հունաստանը, ձգտում է համաձայնագրեր կնքել արտաքսման կենտրոնների վերաբերյալ. հայտնել է Եվրոպական քաղաքական հետազոտությունների շվեդական ինստիտուտի հետազոտող Բերնդ Պարուսելը։ Քենիան այն երկրներից է, որի հետ նրանք բանակցություններ են վարում. ասել է Նիդերլանդներից Եվրոպական խորհրդարանի անդամ Տինեկե Ստրայկը։

Ըստ նրա, գիտակցաբար թե ոչ, բայց ծրագիրը նման է արտաքսված միգրանտներին ընդունելու վերաբերյալ այնպիսի երկրների հետ Թրամփի կնքած գործարքներին, ինչպիսին Սալվադորն է։ Այլ երկրներ ևս ուսումնասիրում են նմանատիպ գաղափարներ։ Օրինակ՝ Շվեդիայի միգրացիայի նախարարը հայտարարել է, որ պահպանողական իշխող կոալիցիան կողմ է Եվրոպայից դուրս կենտրոնների ստեղծմանը, հատկապես ապաստան հայցող աֆղանների և սիրիացիների համար։