Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հանդես է եկել ուղերձով, որում ամփոփել է «Ռամադանի պատերազմի» առաջին ամսվա արդյունքները և հայտարարել հակամարտությունը մինչև հաղթանակ հասցնելու երկրի մտադրության մասին։
Ուղերձում ընդգծվում է, որ անցած 30 օրվա ընթացքում Իրանի քաղաքացիները, ըստ իշխանությունների գնահատականի, զինված ուժերի նկատմամբ մոբիլիզացիայի և աջակցության բարձր մակարդակ են դրսևորել։
Նշվում է, որ փողոց դուրս եկած զանգվածները դիտարկվում են որպես թշնամուն ուղղակի դիմակայության տարր, ինչպես նաև երկրի «սոցիալական ուժի» դրսևորում։ Ղալիբաֆը հայտարարել է, որ հակամարտության ներկա փուլն ամենալարվածներից մեկն է, ընդ որում, ըստ նրա, թշնամին չի հասել իր հայտարարած նպատակներին։ Մասնավորապես, ըստ նրա, ԱՄՆ-ն չի կարողացել ստանալ եվրոպական երկրների լիակատար աջակցությունը, իսկ նրանց ռազմական ենթակառուցվածքներն ու տեխնիկան «լուրջ վնասներ են կրել»։
Ելույթում նաև նշվում է տարածաշրջանում Իրանի դաշնակից ուժերի, այդ թվում՝ Լիբանանի, Իրաքի և Եմենի շարժումների ակտիվ դերը, որոնք, ըստ խոսնակի, ճնշում են գործադրում թշնամու վրա։
Նա առանձնահատուկ անդրադարձել է հնարավոր բանակցությունների թեմային՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը, ըստ նրա գնահատականի, փորձում է դիվանագիտական միջոցներով հասնել այն բանին, ինչին չի կարողացել հասնել ռազմական ճանապարհով։
«Քանի դեռ ամերիկացիները ձգտում են Իրանի կապիտուլյացիային, այդ ձգտումներին ձեր որդիների պատասխանն ակնհայտ է՝ մենք չենք ընդունի նվաստացումը»,- ասված է Ղալիբաֆի ուղերձում։
Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Իրանը ներկա հակամարտությունը դիտարկում է որպես ավելի լայն դիմակայության մաս և մտադիր է շարունակել պայքարը մինչև սահմանված նպատակների իրագործումը։
«Մենք այս պատերազմից դուրս չենք գա այլ կերպ, քան հաղթանակով»,- հայտարարել է նա։
Իր ելույթի վերջում Իրանի խորհրդարանի խոսնակը բնակչությանը կոչ է արել պահպանել միասնությունը, շարունակել մասնակցությունը հանրային մոբիլիզացիային և սատարել երկրի զինված ուժերին։