Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ է վնասվել, այդ թվում՝ համաշխարհային նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարությունը։
«Վնասված պատմական օբյեկտների թիվը 114-ից հասել է 131-ի։ [Այս ցանկում ներառված են] համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության հուշարձաններ։ Սա վկայում է վնասների աճող մասշտաբների, ինչպես նաև մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման գործում միջազգային հանրության անհապաղ միջամտության և ուշադրության անհրաժեշտության մասին»,- նախարարության հայտարարությունից մեջբերում է անում Իսլամական Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վնասվել է Իրանի 64 զբոսաշրջային օբյեկտ, այդ թվում՝ հյուրանոցներ։
«10 նահանգներում 64 զբոսաշրջային օբյեկտ է վնասվել, այդ թվում՝ հյուրանոցներ, սպասարկման և կենցաղային համալիրներ, տուրիստական գործակալություններ և հանրային սննդի ձեռնարկություններ»,- ասված է հայտարարության մեջ:
Մշակույթի նախարարությունը հայտնել է, որ վնասվել է 50 թանգարան, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Գոլեստան պալատը:
«Վնասվել է երկրի 50 թանգարան, այդ թվում՝ Սաադաբադ պալատական համալիրի 14 թանգարանները և Գոլեստան պալատի կազմի մեջ մտնող 7 թանգարանները»,- նախարարության տեքստից մեջբերում է անում երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Գոլեստանը Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի հնագույն պալատական համալիրներից մեկն է: Այն եղել է 18-րդ դարի վերջին Իրանում իշխանության եկած Ղաջարների դինաստիայի շահերի նստավայրը: Պարսկերենից թարգմանաբար Գոլեստան նշանակում է «վարդերի պալատ» (կամ ծաղիկների պալատ): 2013 թվականից այն ներառված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:





























