Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և հանրապետության գործող փոխնախագահ Ժերալդու Ալկմինը մտադիր են առաջադրվել նոր ժամկետի համար։ Այս մասին հայտնել է O Globo թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի տվյալների՝ Բրազիլիայի առաջնորդի ընտրությունը կանգ է առել արդյունաբերական շրջանակներին մոտ կանգնած Ալկմինի վրա՝ նպատակ ունենալով շահել կենտրոնամետ ընտրողների վստահությունը։ Այս մարտավարությունը հաջողություն էր բերել դեռ 2022-ին, երբ նախագահը երկրորդ փուլում ձայների չնչին առավելությամբ հաղթեց գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուին (50,9%՝ 49,1%-ի դիմաց)
Նշվում է, որ նախկինում Լուլա դա Սիլվան դիտարկում էր Ալկմինին Սան Պաուլու նահանգի նահանգապետի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը։ Սակայն այս փուլում Բրազիլիայի առաջնորդի շրջապատն այդ պաշտոնի համար ավելի նախընտրելի թեկնածու է համարում նախկին ֆինանսների նախարար Ֆեռնանդու Ադադին, ով ներկայացնում է նախագահական «Աշխատավորական կուսակցությունը»։
Բրազիլիայում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերին։ Լուլա դա Սիլվան արդեն հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին։ Ակնկալվում է, որ գործող պետության ղեկավարի հիմնական մրցակիցը կլինի Դաշնային սենատի անդամ Ֆլավիու Բոլսոնարուն, ով երկրի նախկին նախագահի որդին է։





























