Եմենի հուսիթների բարձրաստիճան հրամանատար Աբեդ ալ-Թավրը բացահայտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընդլայնման դեպքում իրենց ծրագրերը, հայտնում է Fars գործակալությունը։

«Մենք կօգտագործենք մեր հաղթաթուղթը՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումը ամերիկյան և իսրայելական նավերի համար։

Եմենի զինված ուժերը թույլ չեն տա, որ Կարմիր ծովը հենակետ դառնա՝ Իրանի և «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների համար։ Եմենը պատերազմի այս փուլում նոր զենք կկիրառի։

Կարմիր ծովի ափամերձ երկրներին կապի ուղիներով նախազգուշացրել են, որ ցանկացած երկիր, որն այս պատերազմի ընթացքում օբյեկտներ կտրամադրի ամերիկյան կամ իսրայելական նավերին, կդառնա թիրախ։

«Մոտակա ժամերը լի կլինեն մեծ անակնկալներով։ Եմենի զինված ուժերն ի վիճակի են հատուկ ռազմական գործողություններ իրականացնել, որոնք Իսրայելը չի ակնկալում։

Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ցամաքային ռազմական գործողություն շատ թանկ կարժենա։ Մենք մենակ չենք թողնի Իրանին, կուժեղացնենք մեր աջակցությունը նրան և առանց վարանելու հարվածներ կհասցնենք ամերիկյան շահերին։

Մենք թույլ չենք տա մեր ափամերձ երկրներում գտնվող ամերիկյան բազաներն օգտագործել Իրանի դեմ։ Հետևաբար, մենք ցանկացած ռազմական գործողություն կձեռնարկենք՝ Իրանին աջակցելու և հակառակորդին չեզոքացնելու համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով է անցնում նավթի և նավթամթերքի համաշխարհային մատակարարումների մոտ 12%-ը, ինչպես նաև համաշխարհային ողջ առևտրի մինչև 15%-ը։