«Միասնության թեւերը» տեսանյութ է պատրաստել նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի կենսագրության մասին։
Դավիթ Անանյանը հարկային ոլորտում աշխատանքի առաջարկ է ստացել ուսանողական տարիներին։ 7 տարի աշխատել է հարկային մարմնում եւ հարկային պետական տեսուչից հասել մինչեւ հարկերի հաշվառման բաժնի պետի պաշտոնին։
«Եկավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, այդ օրը կարծես թե ամբողջ պետական համակարգը, ամբողջ հանրությունը, պետությունը, ժողովուրդը ունեցավ մի մեծ հարված։ Կտրվեց այն ուղու գիծը, որը որ բռնել էինք և կարծում եմ, որ այդ գիծը մեզ տանելու էր շատ ավելի այլ ճանապարհով, մենք ունենալու էինք այլ իրականություն, քան այսօրն է։ Կար այդպիսի մեծ հիասթափություն պետական համակարգում, երբ որ դու գնում ես աշխատանքի, բայց կարծես չգիտես՝ ինչի համար ես գնացել, որովհետև կտրվել է մի շատ կարևոր բան։ Հենց այդ օրերին համընկավ, որ ես աշխատանքի առաջարկ ստացա խորհրդատվական ընկերությունից։ 2000 թվականի հունվարի մեկից դուրս եկա պետական ծառայությունից, տեղափոխվելով այնտեղ, որտեղ աշխատել եմ 16 տարի։
Այս տարիներին ես պաշտպանեցի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանը, ընդգրկվեցի պետության համար շատ կարևոր ռեֆորմների իրականացման փորձագիտական համայնքի մեջ։
Երեւի պետք էր, որ ոչ պետական սեկտորում մասնագիտական այդպիսի առաջաղացում ունենալուց հետո ես վերադառնամ պետական համակարգ։ 2016թ.–ի հոկտեմբերին նշանակվեցի ֆինանսների փոխնախարար։
2018 թվականին քաղաքական ռեֆորմացիաներից հետո առաջարկ ստացա գլխավորել Պետական եկամուտների կոմիտեն, առաջարկն ընդունեցի։ 2020 թվականի հունիսի վեցին սեփական նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն դուրս եկա աշխատանքից, որը կապված էր մի աշխատակցի աշխատանքի մնալու-չմնալու հարցի վերաբերյալ վարչապետի հետ ունեցած տարաձայնության հետ։ Ըստ էության, ես համաձայն չէի, որ պետք է հեռացնել այդ անձին, որը զբաղեցնում էր վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը և ուներ մաքսային ծառայությունում երկար տարիների ծառայության փորձ, և նաև կանգնած էր մաքսային ծառայության մեթոդաբանության իրականացման, մեթոդաբանության կայացման ակունքներում և չուզեցի որ այդ անձը ինչ-որ մի թյուրիմացության պատճառով զրկվի իր աշխատանքից։ Համարեցի, որ իմ դուրս գալով՝ այդ հարցը կարգավորվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։





























