ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել դադարեցնել Լիբանանում ռազմական գործողությունները, հաղորդում է Reuters-ը։
Երեքշաբթի անցկացված նիստի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Լիբանանում ՄԱԿ-ի երեք խաղաղապահների մահը և երկրում ռազմական գործողությունների սրումը։
Չինաստանը, Ռուսաստանը, Կոլումբիան և Բահրեյնը կոչ են արել իրականացնել ՄԱԿ-ի 1701-րդ բանաձևը։
2006 թվականի օգոստոսին ընդունված 1701 բանաձևը նպատակ ուներ ավարտել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև պատերազմը՝ Լիբանանի և Իսրայելի միջև սահմանին «Կապույտ գիծ» և հարավային Լիբանանում ապառազմականացված բուֆերային գոտի ստեղծելով, որը կպահեն Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) և լիբանանյան բանակը։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) զինվորների մահվան պատճառ դարձած հրետակոծությունների և պայթյունների համար պատասխանատու է «Հըզբոլլահը»։
Երկուշաբթի հարավային Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են UNIFIL-ի երկու խաղաղապահներ, ևս երկու զինվոր վիրավորվել են։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը խմբավորման դիրքերից մեկի մոտ արկի պայթյունից ևս մեկ ինդոնեզացի զինվոր է զոհվել։





























