ArmLur.am-ի տեղեկություններով Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։  ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժող և մեղադրյալ կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել։

Դրա հետևանքով վիրավորվել են նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք է ստացել։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։